Մարկոս 1․40-45 Կիրակի | Օգոստոս 31
Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։ Մարկ․1․40
ՀԻՍՈՒՍԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔԸ
Լեթին, ով աշխատում էր որպես մաքրուհի, գրասենյակում հայտնի էր իր քայլվածքով։ Դա մարդկանցից խուսափելու իր ձևն էր։ Աղքատ և հաճախ նվաստացած մեծանալով՝ նա բնազդաբար ձեռքով ծածկում էր դեմքը, երբ անցնում էր ուրիշների կողքով։ Նրա ամոթը, որ ինքը «նման չէր սովորական, գեղեցիկ, կրթված մարդկանց», խորն էր։ Սակայն երբ աշխատանքի վայրում մի կին առաջարկեց ընկերանալ նրա հետ, Լեթիի սիրտը սկսեց բժշկվել։
Մարկոսի Ավետարանում բորոտը նույնպես ապրում էր ամոթի զգացումով, և հավանաբար ավելի խորը, քան Լեթիինը։ Նրա հիվանդությունը նրան զզվելի էր դարձնում մարդկանց աչքում և ծիսականորեն անմաքուր՝ ըստ Մովսեսական օրենքի չափանիշների։ Այս մարդու խոցերը ոչ միայն նրա մարմնի, այլև հոգու վրա էին։ Դրանցով բորոտը մոտեցավ Քրիստոսին՝ աղաչելով. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել» (Մարկ․ 1․40)։ Դա մարմնի բժշկության և ամոթից ազատվելու խնդրանք էր։
Քրիստոսը պատասխանեց ոչ թե զզվանքով, այլ կարեկցանքով։ «Ուզում եմ, մաքրվի՛ր», - ասաց Նա՝ ձեռքը մեկնելով և դիպչելով բորոտին (հ․ 41): Լեթիի գործընկերուհու արարքը նման էր Քրիստոսի արարքին, ինչը հասկացողության և ընդունման դրսևորում էր։
Մենք նույնպես կարող ենք ամաչել այն բանից, ինչը, մեր կարծիքով, մեզ տարբերում է «նորմալից, գեղեցիկից և կրթվածից»։ Բայց եթե թույլ տանք Հիսուսին, Նա կդիպչի մեզ և բժշկություն կբերի մեր կյանքի մեջ։ Հիշենք, մենք Աստծո զավակ ենք, ուստի ընդունված և սիրված ենք Աստծո կողմից։
Ի՞նչը կարող է ամոթի զգացում առաջացնել։ Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքի այդ ոլորտը վստահել Քրիստոսի բժշկարար սիրուն։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ ձեռքդ մեկնեցիր դեպի ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 132-134, Ա Կորնթացիներին 11․17-34