.
2025թ., Սեպտեմբերի 1

Ա Հովհաննես 1․1-4                                                                   Երկուշաբթի   |   Սեպտեմբեր 1

 

 

․․․ մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց ․․․  Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ա Հովհ․ 1․2,4

 

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՓԱՓԱԳ

 

Բուժքույր Բրոնի Ուեյրն իր «Մահամերձների զղջումները» բլոգում պատմում է անբուժելի հիվանդների հետ ունեցած զրույցների մասին: Նրանք զղջում էին հետևյալ բաների համար. «Ես չպետք է այդքան շատ աշխատեի» կամ «Ես շատ ժամանակ չէի անցկացնում ընկերներիս հետ»: Եվ, թերևս, ամենահետաքրքիրը. «Ես պետք է թույլ տայի ինձ ավելի երջանիկ լինել»:

«Մահվան անխուսափելիության գիտակցումը հզոր մղիչ ուժ է լիարժեք ու ուրախ կյանք ապրելու համար», – գրում է Ուեյրը։ Լավ գաղափար է, բայց որտե՞ղ կարելի է գտնել նման ուրախության աղբյուրը։ 

Երիտասարդ տարիքում Հովհաննես առաքյալը կյանքի իմաստի վերաբերյալ աղավաղված պատկերացում ուներ։ Իր եղբոր հետ միասին նա խնդրեց Հիսուսին. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում» (Մարկ․ ​​10․37): Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, բարկացան (հ․ 41):

Շատ տարիներ անց Հովհաննեսն արտահայտեց բոլորովին այլ տեսակետ և գրեց Քրիստոսի սիրո մասին։ Նա այժմ Տիրոջ կյանքը, մահը և հարությունը տեսնում էր որպես ամեն ինչի հիմք. «Եվ կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց» (Ա Հովհ 1․2): Այս կյանքի էությունն է «մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ» (հ․ 3), իսկ դրա պտուղը՝ կատարյալ ուրախությունը (հ 4):

Յուրաքանչյուր մարդ ինչ-որ բանի համար զղջում է։ Սակայն Հիսուս Քրիստոսը մեզ հրավիրում է բաց թողնելու զղջումները և ընդունելու այն կատարյալ ուրախությունը, որ միայն Նա կարող է պարգևել։

 

Ի՞նչի համար ենք մենք զղջում։ Ի՞նչն է խանգարում մեզ թույլ տալ Քրիստոսին պարգևել մեզ Իր կատարյալ ուրախությունը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես իմ զղջումները Քո առաջ եմ բերում։ Բժշկի՛ր և պարգևի՛ր այն կատարյալ ուրախությունը, որը Քեզնից է բխում։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 135-136, Ա Կորնթացիներին 12