.
Հերթական սեմինարը ՀԱԵ ՔԴ ծառայողների համար

Նոյեմբերի 15-ին, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ ՀԱԵ ՔԴ բաժնի կողմից կազմակերպված հերթական սեմինարը, որին մասնակցում էին Հայաստանից և Արցախից 30 ՀԱԵ հովիվներ, ՔԴ պատասխանատուներ ու առաջնորդներ: Սեմինարը սկսվեց պաշտամունքով՝ փառաբանության երգերով, սաղմոսի ընթերցմամբ և աղոթքով:

Առաջին մասում Վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց «Աշակերտ բարձրացնող առաջնորդի» Սուրբգրային հիմքերը: Վերապատվելին խոսեց այն մասին, որ ծառայության կանչողն Աստված է, կարևորեց եկեղեցում հավատարիմ աշակերտներ պատրաստելու անհրաժեշտությունը և ծառայողական կազմի մնայուն պտուղ տալու իմաստը:  Նյութի հիմքում Հովհանու 15.1-17, Ա Թեսաղոնիկեցիս 5.24 և Բ Տիմոթեոս 2.2 համարներն էին:

Սեմինարի երկրորդ փուլի առաջին մասում ՔԴ բաժնի պատասխանատու Վեր. Ավետիք Խաչատրյանն առաջնորդների հետ միասին քննարկեց նրանց կողմից գրված կարիքների ու ձեռքբերումների, ապագայի նկատմամբ ունեցած իրենց տեսիլքի կարևորության մասին: Երկրորդ մասում, ՔԴ բաժնի աշխատակից Լիլիթ Անտոնյանի հետ գործնական աշխատանքի միջոցով (բաժանվելով փոքր խմբերի և ստանալով առաջադրանք), սեմինարի մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ինչպե՞ս կարող են իրենց ծառայողական թիմին արդյունավետ և առանց վիրավորանքի ներկայացնել արժևորման արդյունքները: Այս փուլում վեր հանվեցին բազմաթիվ առկա խնդիրներ և ակտիվ մտագրոհի ու կարծիքների փոխանակման միջոցով առկա խնդիրներին այլ տեսակետից դիտելու հնարավորություն տրվեց:

Սեմինարի վերջին փուլն անցկացրեց ՔԴ բաժնի աշխատակից Շուշան Ենգիբարյանը: Նա խոսեց ծառայության ճիշտ շարժառիթների, մոտիվացիայի մասին՝ նկատելով, որ, ցավոք սրտի, հաճախ մարդկանց ծառայության մղելու համար օգտագործվում է մանիպուլիացիայի տարբերակը՝ հակասելով քրիստոնեական սկզբունքներին: Շուշան Ենգիբարյանը, մանրամասնելով այդ երկու սկզբունքների տարբերությունը, կարևորեց թիմակիցներին ծառայության ճիշտ շարժառիթներ սովորեցնելու անհրաժեշտությունը: Սեմինարի հիմքում  ընկած էր Աստվածաշնչյան ոսկե կանոնը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»: Մատթևոս 7.12

Փառք ենք տալիս Աստծուն և գոհանում ենք, որ այս հանդիպումներն արդեն իսկ ունեն իրենց դրական արդյունքը: ՀԱԵ ՔԴ բաժնի կողմից նմանատիպ սեմինարները շարունակական են լինելու և ուղղվելու են ՔԴ ծառայողների վերապատրաստմանը՝ ի փառս Աստծո:

ՀԱԵ ՔԴ բաժին
Լիլիթ Անտոնյան

Նախորդ
...
X