Տիտոս 3․1-8 Հինգշաբթի | Սեպտեմբեր 4
Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։ Տիտ․ 3․8
ԱՆՄԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Առօրյա կյանքում մենք շատերին ենք հանդիպում։ Եթե չհաշվենք նրանց, ում սովորաբար հանդիպում ու լավ ճանաչում ենք, ցուցակը կարող է թվալ աննշան։ Սակայն Կլայվ Լյուիսը կհակաճառեր այդ կարծիքին։ «Սովորական մարդիկ գոյություն չունեն», – պնդում էր նա։ Նրա «Փառքի ծանրությունը» գիրքը խոսում է հավերժության մասին։ Մենք կամ վայելելու ենք Աստծո ներկայությունը, կամ էլ զրկվելու ենք դրանից։ Այդ պատճառով, հիշեցնում է Լյուիսը, մենք երբեք չենք շփվում մահկանացուների հետ։ «Ազգերը, մշակույթները, արվեստի գործերը մահկանացու են։ Իսկ մենք կատակներ ենք անում, աշխատում, ընկերություն անում անմահների հետ, անմահների հետ ենք ամուսնանում, անմահներին ենք տանջում ու նվաստացնում»։
Սա և՛ բարդ է, և՛ համոզիչ։ Այնքան հեշտ է շրջապատի մարդկանց ընկալել որպես սովորական մարդիկ։ Ոմանք բարյացակամ են, ոմանք՝ ուղղակի նյարդայնացնող։ Բայց կարևոր է յուրաքանչյուր մարդու ընկալել որպես անմահ էակ՝ անսահման արժեք ունեցող։ Անկասկած, սա է Պողոսի՝ Տիտոսին ուղղված հրահանգների հիմքում ընկած սկզբունքը. «Նրանց հիշեցրո՛ւ, որ ․․․․ ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։ Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն» (Տիտ․ 3․1-2):
Մենք սա պետք է անենք ոչ թե պարտականության զգացումից ելնելով կամ որևէ «բարձրագույն բարիքի» համար, այլ որովհետև դա է «բարին և մարդկանց համար օգտակարը» (հ․ 8), և այսպես է մեզ հետ վարվում Արարիչը։ «Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, Նա ․․․ մեզ փրկեց․․․» (հ․ 4-5):
Յուրաքանչյուր մարդ, ում այսօր կհանդիպենք, անմահ է և կարևոր։ Եկե՛ք փնտրենք Տիրոջը՝ արտացոլելու «մարդկության հանդեպ նրա շնորհն ու սերը»՝ կոչ անելով անմահ մարդկանց գտնել հավերժական երանություն Նրա մեջ։
Արդյո՞ք մեզ հաջողվում է մարդկանց նայել հավիտենության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Աստծո բարությունն ու սերը ձևավորեն մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ Քո ողորմածությամբ ու շնորհով։ Օգնի՛ր հիշել, որ փրկությունը հասանելի է յուրաքանչյուր մարդու, ում այսօր կհանդիպեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 143-145, Ա Կորնթացիներին 14․21-40