.
2025թ., Սեպտեմբերի 5

Բ Օրենք 5․28-29, 32-33                                                                     Ուրբաթ   |   Սեպտեմբեր 5

 

 

Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար։ Բ Օր․ 5․33


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՑ


Լանդշաֆտային ճարտարապետների մի խումբ ուսումնասիրեց առաջին դասարանցիների համար նախատեսված խաղահրապարակների շուրջ ցանկապատեր տեղադրելու ազդեցությունը: Խաղահրապարակներում, որտեղ ցանկապատ չկար, երեխաները սովորաբար փորձում էին մոտ մնալ դպրոցի շինությանը և ուսուցչին: Սակայն ցանկապատված խաղահրապարակներում նրանք համարձակորեն վազում էին ամբողջ տարածքով մեկ: Հետազոտողները եկան այն եզրակացության, որ ցանկապատը երեխաներին ազատության ու ապահովության ավելի մեծ շրջանակ է տալիս: Ոմանց համար սա կարող է անտրամաբանական թվալ: Մենք սովոր ենք մտածել, որ արգելքները սահմանափակում են մեզ, խանգարում են զվարճանալ: Սակայն այս դեպքում ցանկապատի առկայությունը երեխաների մեջ անվտանգության և, հետևաբար, ազատության զգացում էր ներշնչում:

Աստված խոսում է նաև այն ազատության մասին, որն ապահովում են Նրա սահմանած շրջանակները: Երբ Նա իսրայելացիներին տվեց Տասը պատվիրանները, խոստացավ, որ Իր աստվածային սահմաններում ապրելը կհանգեցնի բարգավաճման. «Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար․․․» (Բ Օր․ 5․33): Տերը խոսում էր երջանիկ կյանքի մասին՝ լի բարի պտուղներով:

Հիսուսը, ով կատարեց օրենքը՝ խաչի վրա մահանալով, հայտարարեց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ․ 8․31-32): Իրոք, Աստծո սահմանները մեր բարօրության համար են: Նրա «արգելապատնեշներն» օգնում են մեզ՝ վայելելու Աստծո հետ կյանքը, որի համար մենք ստեղծվել ենք:


Ինչպե՞ս են Աստծո պատվիրանները մեզ ազատություն տալիս:

Ինչպե՞ս կարող ենք հոժարությամբ և ուրախությամբ վայելել

 նման սահմանների տված ազատությունը:


Աղոթք – Տեր, շնորհակալ եմ իմ բարօրության համար սահմանած Քո իմաստուն սահմանների համար։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 146-147, Ա Կորնթացիներին 15․ 1-28