.
ՀԱԵ-ն Բերդ քաղաքում նոր պաշտոնակոչված հովիվ ունի

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) արտոնյալ ծառայողների շարքում նոր անուն կա: Տիրոջ հավատարիմ ծառա Սենո Սարիբեկյանին 2018 թվականի նոյեմբերի 24-ին ՀԱԵ Բերդի համայնքի առջև հովվական քարոզչության արտոնություն եւ  պատվելիի կոչում շնորհվեց: Պաշտոնական արարողությունը նախ և առաջ պաշտամունք էր առ Աստված, որի ընթացքում Բերդի ՀԱԵ համայնքը փառաբանություն բարձրացրեց Տիրոջը: Աստծո խոսքի պատգամաբերը ՀԱԵ խորհրդի նախագահ՝ վեր. Գառնիկ Թութիկյանն էր, ով խոսեց Ծննդոց 19-րդ գլխում նկարագրված Ղովտի՝ Սոդոմից դուրս գալու պատմությանը՝ կոչ անելով համայնքին հոգևոր կյանքում հետ չնայել, այլ աճել և առաջանալ՝ չնայած բոլոր դժվարություններին: Պատգամին հաջորդեց Բերդի նոր հովվի քարոզչության արտոնության և պաշտոնակոչության արարողությունը:

ՀԱԵ խորհրդի փոխնախագահ վեր.Արթուր Օչինյանը, պաշտոնակոչության ընթացակարգի համաձայն, ընթերցեց պատվելի դառնալու ուխտը, իսկ համայնքը լսեց Սենո Սարիբեկյանի պատասխանները: Ուխտի հաստատության աղոթք բարձրացրեց վեր. Հովհաննես Հովսեփյանը: Արարողության ավարտին Սենո Սարիբեկյանին հանձնվեց քարոզչության արտոնության հավաստագիր:  

Որպես նոր պաշտոնակոչված հովիվ՝ այսուհետ արդեն պատվելի Սենո Սարիբեկյանը կատարեց ՀԱԵ 2 խորհուրդներից մեկը. Սուրբ Հաղորդություն մատուցեց Բերդ քաղաքի ՀԱԵ անդամներին և պաշտամունքն ավարտեց Հովվական աղոթքով:

Մինչ այս արարողությունը՝ ամիսներ առաջ, ՀԱԵ հովվական հանձնախումբը, ՀԱԵ հոգեւոր խորհրդի լիազորությամբ, գործող ընթացակարգի համաձայն, ուսումնասիրել էր Սենո Սարիբեկյանի աստվածաբանական կրթությունը, երկարամյա ծառայության փորձառությունը, վարդապետությունը եւ հաստատել հովվական քարոզչության արտոնությունն ու պատվելիի կոչումը, ինչպես նաև նրան Բերդ քաղաքի ՀԱԵ համայնքում հովվական ծառայության պաշտոնակոչության հարցը:

Սենո Սարիբեկյանը ծնվել է 1968թ.-ի փետրվարի 28-ին: 1986-88 թթ. ծառայել է խորհրդային բանակի ներքին զորքերի հատուկ դասակում: 1989-1992 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի՝ Վարդգես Համազասպյանի անվան պետական   քոլեջը:
Ապաշխարել է 2000 թվականին:  2001 թ.-ից Իջևանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեց հովվի օգնականն էր:

Նախորդ
...
X