Հովհաննես 14․1-7 Երկուշաբթի | Սեպտեմբեր 8
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը․․․»։ Հովհ. 14․6
ԸՆԴՈՒՆԵ՛Ք ՔՐԻՍՏՈՍԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Երբ իմ ընկեր Քոնորը լուսանկարներ է անում իր հին ժապավենային տեսախցիկով, չի անհանգստանում ճիշտ լուսավորության կամ որևէ ավելորդ բան լուսանկարներից կտրելու համար։ Նրա աշխատանքներն աչքի են ընկնում իրենց կոպիտ ռեալիզմով։ Սոցիալական ցանցերի իմ էջերում դրանք առանձնանում են գեղեցիկ տեսք ունեցող մարդկանց և վայրերի մանրամասն մշակված լուսանկարներից։ Եվ այնուամենայնիվ, նրա աշխատանքները գեղեցիկ են, քանի որ դրանք իրական են և ցույց են տալիս աշխարհն այնպիսին, ինչպիսին այն իրականում կա։
Բոլորիս համար կարևոր է լսել և տեսնել իրականն ու ճշմարիտը, նույնիսկ եթե երբեմն դա կարող է անհրապույր լինել։
Հիսուսի աշակերտները մտածում էին, թե ինչպես կարող են մտնել երկնային Հոր տուն (հ․ 2-3), սակայն նրանք չէին գիտակցում, որ իրենց առջև կանգնած Հիսուսն էր լուծումը։ Նրանց համար դժվար էր հասկանալ, որ նա իրենց հաղթանակ կպարգևի իր զոհաբերության միջոցով։
Եսային մարգարեացավ՝ ասելով, որ գալիք Մեսիան «ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն» (Ես․ 53․2): Եվ Հիսուսի ասածների մեծ մասն այնքան անսովոր և անսպասելի էր, որ կրոնական առաջնորդներին իր դեմ դարձրեց (Հովհ․ 11․45-48): Նա կոչ արեց նրանց ճանաչել ճշմարտությունը և գտնել իրական կյանքը: Ապրելով այս աշխարհում՝ եկե՛ք մեր սրտերը դարձնենք դեպի գեղեցիկ և անարատ ճշմարտությանը՝ Հիսուս Քրիստոսին:
Որտե՞ղ և ե՞րբ ենք պատրաստակամ եղել ընդունելու գեղեցիկ սուտը՝ ճշմարտության փոխարեն։ Ինչպե՞ս կարող ենք ավելի խորասուզվել Քրիստոսի ուսմունքների մեջ։
Աղոթք – Տե՛ր, ես ուզում եմ հետևել Քեզ, քանի որ Դու ես ճշմարտության աղբյուրը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 3-5, Բ Կորնթացիներին 1