Երեմիայի Ողբերը 1․20-22 Հինգշաբթի | Սեպտեմբեր 11
Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում․․․: Եր. Ողբերը 1․20
ԱՐՏԱՍՎԵԼ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ
Ես հետաքրքրությամբ շրջում էի 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությանը նվիրված հուշահամալրի թանգարանում։ Տեղյակ լինելով ողբերգության ծավալներից՝ հազիվ զսպում էի զգացմունքներս, մինչև չհասանք ցուցահանդեսի փակ սրահին, որը կազմակերպիչները խոհեմորեն առանձնացրել էին երեխաներից և անկայուն հոգեբանությամբ մարդկանցից։ Երբ աստիճանաբար ծանոթանում էի կորուստներին և այդ դեպքերի մասնակիցների հոգևոր տառապանքների պատմություններին, իմ մեջ հուսահատության ալիքներ էին բարձրանում։
Դառնալով նման կործանումների վկաներ՝ մենք ինքնաբերաբար միանում ենք նրանց հառաչանքին, ովքեր իրենց վիշտը տանում էին Աստծո առաջ։ Նրանց թվում էր Երեմիա մարգարեն, ով գրեց Երուսաղեմի կործանման մասին ողբը՝ արտահայտելով իր վիշտն Աստծո ժողովրդի տառապանքների համար. «Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում․․․» (Ողբ 1․20): Այդ ժամանակ Երեմիան դիմում է Աստծուն որպես գերագույն Դատավորի՝ գիտակցելով, որ միայն Նա կարող է պատժել իր թշնամիներին և վերջ դնել աղետին. «Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա» (հ․ 22):
Այսքան անմիջական ու անկեղծ հառաչանքն Աստծուն կարող է օգնել մեզ հաղթահարել ցավոտ իրադարձությունները, ինչպիսիք են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կամ մեր օրերի չարագործությունները։ Մենք դիմում ենք Աստծուն՝ օգնության, հույսի, մխիթարության և արդարության համար։
Ինչպե՞ս կարող ենք զգոն պահել մեր սիրտը չարիքի և անօրենության մեջ, և աղոթել նրանց համար, ովքեր այսօր տառապանքի մեջ են։
Աղոթք – Ճշմարտության և սիրո Աստվա՛ծ, գիտենք, որ Դու վշտանում ես աշխարհում կատարվող ողջ չարիքի համար։ Շրջապատի՛ր մեզ Քո ողորմությամբ ու շնորհով և բուժի՛ր մեր վերքերը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 10-12, Բ Կորնթացիներին 4