Ելք 16․11-16 Շաբաթ | Սեպտեմբեր 13
․․․Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Ելք 16․12
ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՎ
«Գիշերային թռչուն» մականվամբ իր երկրպագուներին հայտնի երգչուհի-երգահան Ջեյն Քրիստեն Մարչևսկին ճանաչում ձեռք բերեց 2021 թվականին՝ հեռուստատեսային տաղանդների շոուի շնորհիվ: Մինչ այդ՝ 2017 թվականին, նրա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ: 2018 թ.-ին նա սկսեց ապաքինվել։ Նա մեկնեց համերգային շրջագայությունների, սակայն շուտով նրա առողջական վիճակը վատթարացավ, և ապրելու հնարավորություն գրեթե չկար։ Զարմանալի էր, բայց Ջեյնը ապաքինվեց և նույնիսկ ճանաչվեց որպես քաղցկեղը հաղթահարած եզակի մարդ։ Սակայն 2022 թվականի փետրվարի 19-ին նա մահացավ։
Այս դժվարին ժամանակահատվածում նա գրեց. «Ես ինձ հիշեցնում եմ, որ աղոթում եմ այն Աստծուն, Ով քառասուն տարի առաջնորդեց իսրայելացիներին անապատով։ Նրանք աղաչեցին Նրան առաջնորդել իրենց դեպի Ավետյաց երկիր, բայց Նա ուղարկում էր այն, ինչի մասին նրանք չէին խնդրում... Ամեն առավոտ նրանք երկնքից ստանում էին ողորմության հացը... Ես նույնպես որոնում եմ ողորմության հացը։ Իսրայելացիներն այն անվանում էին մանանա, այդ բառը թարգմանաբար նշանակում է «Ի՞նչ է սա»։ Ես նույն հարցն եմ տալիս… Ինչ-որ տեղ ողորմություն կա, բայց ի՞նչ է դա»։
Ելից գրքի պատմությունն իսկապես Աստծո ողորմության մասին է։ Նախ, Աստված խոստացավ իսրայելացիներին Իր ողորմությունը. «Պիտի կշտանաք հացով», - ասաց Նա (Ելք 16․12)։ Երկրորդ, Նրա ողորմությունը կարող է զարմացնել մեզ։ Իսրայելացիները զարմանքով արտաբերեցին «ի՞նչ է սա» (հ․ 15)։ Մեր կյանքում ողորմությունը ևս հաճախ գալիս է ոչ այն կերպ, ինչպես մենք ենք սպասում։ Բայց, այնուհանդերձ, դա իսկապես ողորմություն է։ Իսրայելի համար այն մանանան էր, իսկ Ջեյնը գրում էր ընկերուհու նվիրած վերմակի և մոր ձեռքերի մասին։
Որո՞նք են այն փոքր, բայց արժեքավոր պարգևները, որոնց միջոցով զգում ենք Աստծո ողորմությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո ողորմության համար։ Իմաստություն տո՛ւր տեսնելու այն նույնիսկ ամենափոքր ու աննշան թվացող երևույթների մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 16-18, Բ Կորնթացիներին 6