Մատթեոս 28․16-20 Երկուշաբթի | Սեպտեմբեր 15
․․․ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Մատթ․ 28․20
ԿՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ազիմն իր ամենօրյա աշխատանքն էր կատարում սուպերմարկետի սրճարանում, երբ նրա մշտական հաճախորդներից մեկը հետաքրքրությամբ նայեց նրան և ասաց․ «Հավանաբար ձեզ շատ են վճարում, դուք անդադար ժպտում եք»։ Ազիմը ծիծաղեց և բացահայտեց իր ուրախության գաղտնիքը. «Ես սա անում եմ ոչ թե սրճարանի, այլ Աստծո համար», - ասաց նա։ Հետաքրքրված հաճախորդը խնդրեց բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Զրույցից հետո նա սկսեց հաճախել եկեղեցի և հետագայում ընդունեց Քրիստոսին։
Եթե Քրիստոսի Մեծ Հանձնարարությունն իրագործելու հարցում կասկածում կամ դժվարանում ենք, ապա կարող ենք ներշնչվել այս պատմությամբ։ Ազիմը որոշել էր կրել աշխարհի ավետարանման պատասխանատվություն, նա պարզապես կատարում էր իր աշխատանքը՝ իմանալով, որ Տերն իր հետ է, և դա մեծ ազդեցություն ունի։ Քրիստոսը խոստացավ առաքյալներին և մեզ, որ մեզ հետ կլինի «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (հ․ 20)։ Ազիմը հիշում և իր սրտում պահում էր Տիրոջ այդ խոստումը․ «Ես միշտ ինձ հետ կրում եմ Հիսուսի ներկայությունը, և հենց դա է փոխում սրճարանում մթնոլորտը»։
Մենք բոլորս կարող ենք հետևել Ազիմի օրինակին՝ ապավինելով այն փառավոր ճշմարտությանը, որ Հիսուսն Իր Հոգով իսկապես մեզ հետ է։ Նրա ներկայությունը կարող է փոխել հաճախորդների հետ և՛ բարդ զրույցների ընթացքը, և՛ մեր սեփական սրտերը։
Որտե՞ղ է մեզ անհրաժեշտ Քրիստոսի ներկայությունը։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դա մեր տրամադրության և պահվածքի վրա:
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ ես։ Քո Սուրբ Հոգով վերափոխի՛ր իմ սիրտը, որպեսզի քո ներկայությունը տեսանելի լինի բոլոր նրանց համար, ում հետ այսօր պիտի առնչվեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 22-24, Բ Կորնթացիներին 8