.
2025թ., Սեպտեմբերի 17

Դատավորներ 3․7-11                                                              Չորեքշաբթի   |   Սեպտեմբեր 17

 

 

Տիրոջ Հոգին իջավ նրա վրա․.․: Դատ․ 3․10

 

ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամուսնու մահը Նորայի համար դարձավ բարդ անցումային շրջանի սկիզբը։ Նա ստիպված էր իր վրա վերցնել ամուսնու բիզնեսի ղեկավարումը և միայնակ հոգ տանել իրենց երեք երեխայի մասին։ «Ուժեղ եղի՛ր», - ասում էին նրա ընկերները։ «Բայց ինչպե՞ս դիմանամ վրա հասած այս բոլոր փորձություններին ու ծանր պատասխանատվությանը»,- մտածում էր Նորան։

Աստված մեծ պատասխանատվություն դրեց Գոթոնիելի վրա՝ իսրայելացիների համար անցումային ժամանակաշրջանում։ Նրանց կռապաշտության պատճառով «Նա նրանց մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին» (Դատ․ 3․8): Այս դաժան զավթչի ճնշման տակ իսրայելացիներն «աղաղակեցին» Տիրոջը, և «Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց․․․Գոթոնիելին» (հ․ 9), որի անունը նշանակում էր «Աստծո զորություն»։

Գոթոնիելը, լինելով առաջին դատավորը, չուներ իրեն նախորդած դատավոր, որից կարող էր օրինակ վերցնել։ Նրան էր վստահված Իսրայելին  նորից դեպի Աստված դարձնելը և նրանց թշնամիներից պաշտպանելը։ Եվ քանի որ «Տիրոջ Հոգին իջավ նրա վրա» (հ․ 10), նա կարողացավ դա իրականացնել։ Աստծո զորության շնորհիվ, ով զորացնում էր նրան որպես առաջնորդ, «երկիրը քառասուն տարի հանգստացավ» (հ․ 11)։

Ինչպե՞ս ենք մենք ուժեղ դառնում։ Երբ իրապես գիտակցում ենք, որ մեր սեփական ուժերը բավարար չեն, և վստահում ենք Աստծուն, Նա զորացնում է Իր զավակներին։ «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (Բ Կորնթ. 12․9)։ Աստծո զորությունը գործում է մեր միջոցով՝ անելու այն, ինչ միայն Նա կարող է անել։

 

Ինչպե՞ս է Աստծո զորության վկայությունը փոխում մեր պատկերացումներն իրական ուժի մասին։

 

Աղոթք – Հա՛յր, կարողություն տու՛ր՝ ապավինելու միայն Քո զորությանը։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 27-29, Բ Կորնթացիներին 10