.
2025թ., Սեպտեմբերի 18

Հոբ 40.20-24, 41.2-15                                                                 Հինգշաբթի   |   Սեպտեմբեր 18

 

 

Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։ Հոբ 41․3

 

ՄԵԳԱԼՈԴՈՆ ԵՎ ԼԵՎԻԱԹԱՆ

 

Մի քանի տարի առաջ իմ փոստային արկղում մի ծանրոց հայտնվեց։ Ծանրոցի վրա լավագույն ընկերոջս հասցեն էր, ով երբեմն անսպասելի նվերներ էր ուղարկում ինձ։ Երբ բացեցի ծանրոցը, աչքերիս չէի հավատում, այնտեղ դրված էր շնաձկան, տասներեք սանտիմետր երկարությամբ մուգ շագանակագույն ատամ: Ուղեկցող գրառման մեջ Ջոնը բացատրում էր, որ դա հին մեգալոդոն շնաձկան բրածո ատամ էր, որը մի քանի անգամ մեծ էր սպիտակ շնաձկանից։ Ես փորձեցի կռահել, թե որքան մեծ կարող էր լինել ծնոտը՝ նման ատամների մի քանի շարք տեղավորելու համար։ Գիտնականներն ասում են, որ մեգալոդոնի ծնոտների չափը 12 քառակուսի մետր է։

Աստվածաշնչում մեգալոդոնների մասին որևէ հղում չկա։ Սակայն Հոբի գրքում Աստված ներկայացնում է Լևիաթան անունով ծովային հրեշին։ 41-րդ գլուխը մանրամասն նկարագրում է նրա տպավորիչ կառուցվածքը։ «Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին», - ասում է Աստված Հոբին (հ․ 12): «Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա» (հ․ 6):

Իսկապես, ո՞վ կարող է բացել Լևիաթանի բերանը։ Միայն նրա Արարիչը։ Եվ այստեղ Աստված հիշեցնում է Հոբին, որ անկախ նրանից, թե որքան հսկայական և հզոր է այս հրեշը, այն ոչինչ է իր Արարչի համեմատ։ «Երկնքի տակ ամբողջ եղածն իմն է», - ասում է Նա (հ․ 3):

Այդ մեծ ատամը հիմա դրված է իմ սեղանին՝ ծառայելով որպես մեր Արարչի մեծության և ստեղծագործական զորության տեսողական վկայություն: Այն նաև ծառայում է որպես Աստծո սիրո և հոգատարության մխիթարական հիշեցում ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե աշխարհը կարող է կուլ տալ ինձ:

 

Արարչագործության ո՞ր երևույթներն են մեզ հիշեցնում Աստծո զորության մասին։ Ինչպե՞ս է Նրա արարչագործությունը քաջալերում մեզ:

 

Աղոթք – Երկնքի ու երկրի Արարի՛չ Հայր, Քո արարչագործությունը վեհության և զորության վկայությունն է։ Օգնի՛ր ինձ վստահել Քեզ, երբ կյանքը չափազանց դժվար է թվում։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 30-31, Բ Կորնթացիներին 11․1-15