Առակներ 28․13-14 Ուրբաթ | Սեպտեմբեր 19
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առակ․ 28․13
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Երբ աչքերիս շուրջ մաշկս բորբոքվեց և բծեր հայտնվեցին, ես սկսեցի ծածկել դրանք դիմահարդարմամբ, ինչը թույլ տվեց թաքցնել խնդիրը։ Սակայն ժամանակն անցավ, և այտուցված կարմիր բծերը չանհետացան, և ստիպված դիմեցի բժշկի։ Հանդիպումից առաջ առավոտյան, ինչպես միշտ, ուզում էի դիմահարդարվել, բայց չարեցի, քանի որ բժիշկը պետք է հստակ տեսներ խնդիրը և ճիշտ բուժում նշանակեր։
Երբեմն մենք էլ փորձում ենք թաքցնել մեր մեղքերը։ Հնարավոր է՝ գիտակցում ենք, որ վատ սովորություններ և սխալ մտքեր ունենք, բայց խուսափում ենք դրանց մասին աղոթել կամ մեր ընկերներին ու ընտանիքին պատմել։ Գուցե կարծում ենք, որ դա մեծ բան չէ, քանի որ շատերն են դա անում։ Սակայն անհնար է հոգևոր առաջընթաց ապրել, եթե մեղքը գաղտնի պղծում է մեր կյանքը։ Ինչպես Առակաց գիրքն է ասում. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա» (Առակ․ 28․13)։ Բայց այս համարի մեջ կա ավելի կարևոր հետևություն. «Բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի»։
Մեզ համար երբեմն դժվար է ընդունել Աստծո տեսակետը մեր որոշ գործողությունների վերաբերյալ և գիտակցել, որ դրանք սխալ են։ Այնուամենայնիվ, Նրա բարությունն օգնում է մեզ խոնարհվել։ Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք մերժել գայթակղությունները (Գաղ․ 5․16-17, 22-24)։ Եթե Աստված է առաջնորդում մեզ, ապա փոփոխությունները հնարավոր են, և դրանցից բխող հոգևոր առողջության համար արժե մեծ ջանքեր գործադրել։
Ինչպե՞ս է Աստծո սերն օգնում մեզ խոստովանել մեր մեղքերը։ Ինչպե՞ս կարող է խոնարհությունն օգնել մեզ ընդունել Աստծո առաջնորդությունը և պայքարել մեղքի դեմ։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր Քո առջև բացել իմ կյանքի բոլոր այն ոլորտները, որտեղ պետք է պայքարեմ մեղքի դեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ժողովող 1-3, Բ Կորնթացիներին 11․16-33