Դ Թագավորների 8․1-6 Չորեքշաբթի | Սեպտեմբեր 24
Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել․․․: Դ Թագ․ 8․1
ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
Մանիլայի այն թաղամասը, որտեղ բնակվում էր Դանթեն, հաճախ տուժում էր ջրհեղեղներից։ Անձրևոտ օրերին տղան դպրոց էր գնում հարևանի կողմից կառուցված ժամանակավոր փայտե կամրջի վրայով։ «Պարոն Թոմասն ինձ տանում էր այդ կամրջով և պաշտպանում անձրևից», - պատմում էր Դանթեն։
Տարիներ անց նա սկսեց հաճախել Մանիլայի հյուսիսում գտնվող եկեղեցին։ Նրա հոգևոր հովիվը դարձավ Լեոն, որը վարում էր Աստվածաշնչի սերտողությունները։ Հանդիպելով նրան՝ Դանթեն պարզեց, որ Լեոն պարոն Թոմասի որդին է։ «Պատահականություններ չեն լինում,– ասաց Դանթեն,- Աստված օգտագործեց այն մարդու որդուն, ով մանկության տարիներին օրհնություն դարձավ ինձ համար, որպեսզի օգնի ինձ աճել իմ հավատքի մեջ»։
Աստվածաշնչում սունամացի կինը նույնպես իր կյանքում զգաց Աստծո նախախնամությունը։ Նա հետևեց Եղիսե մարգարեի խորհրդին և լքեց իր տունը՝ սովից խուսափելու համար (Դ Թագ․ 8․1-2)։ Այդպիսով նա կորցրեց իր տան և հողի նկատմամբ իրավունքները։ Եվ հենց այն պահին, երբ նա եկավ թագավորից օգնություն խնդրելու, վերջինս նրա մասին խոսում էր Գեեզիի՝ Եղիսեի ծառայի հետ։
Շատ տարիներ առաջ Գեեզին տեսել էր այս կնոջ մահացած որդու կենդանացումը։ Երբ նա տեսավ նրան, հայտարարեց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն» (հ․ 5): Այնուհետև թագավորը նրան մի ներքինի տվեց, որ նրա ամբողջ ունեցվածքը վերադարձվի նրան (հ․ 6):
Մենք միշտ կարող ենք վստահ լինել Աստծո հոգատարության մեջ: Նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես մենք էինք պլանավորել, ամենակարող Աստված կօգնի մեզ:
Ինչպե՞ս կարող է սունամացի կնոջ պատմությունը մեզ քաջալերել։
Ի՞նչ է այն մեզ սովորեցնում Աստծո հոգատարության մասին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերած հոգածության համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երգ Երգոց 4-5, Գաղատացիներին 3