Ա Թեսաղոնիկեցիներին 5․1-11 Որբաթ | Սեպտեմբեր 26
Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։
Ա Թես․ 5․11
ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քաջալերվե՛ք, պարո՛ն Ռիդլի, տղամարդ եղե՛ք։ Աստծո շնորհիվ մենք այսօր Անգլիայում մոմ կվառենք, որը ոչ ոք չի կարողանա մարել»։ Այս վերջին խոսքերով Հյու Լատիմերը քաջալերեց իր ընկեր Նիկոլաս Ռիդլիին։ Երկուսն էլ այրվեցին խարույկի վրա 1555 թվականին՝ աստվածաշնչյան ուսմունք քարոզելու համար՝ «մոմ», որը նրանք հույս ունեին, որ «ոչ ոք չի կարող մարել»։
Դժվար է ասել, թե ինչն էր նրանց այսպիսի քաջություն տվել։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ նրանք միասին քայլեցին դեպի իրենց նպատակը՝ աղոթքով միմյանց հիշեցնելով Աստծո խոստումների մասին։
Նմանապես, Պողոսի առաջին նամակը՝ ուղղված թեսաղոնիկեցիներին, կոչ էր միասնական քաջության «մեծ նեղությունների մեջ» (Ա Թես․ 1․6): Քրիստոնյաները հաճախ էին թշնամու կողմից հալածվում իրենց հավատքի համար:
Պողոսը նրանց գրում է Երկրորդ Գալստյան և մեր ընդհանուր ապագայի մասին, որում մենք կապրենք «Նրա հետ» (Ա Թես․ 5․10): Այնուհետև նա հորդորում է նրանց միմյանց քաջալերել և ամրապնդել (հ․ 11): Ըստ էության, Պողոսն ասում է. «Մենք գիտենք, թե որտեղ է մեր նպատակը: Եկե՛ք միասին հասնենք դրան»:
Անկախ նրանից՝ մենք նման ընդդիմության կհանդիպենք, թե ոչ, մեզ դեռ կարհամարհեն և կմերժեն Քրիստոսի հանդեպ մեր հավատքի համար։ Միայնակ մեր վճռականությունը կարող է արագ թուլանալ։ Ահա թե ինչու Աստված մեզ դրել է հավատացյալների համայնքում, որպեսզի կարողանանք միմյանց հիշեցնել մեր հույսի մասին և միասին դիմադրել։
Կյանքի ո՞ր իրավիճակներն են հատկապես պահանջում վճռական և քաջ լինել։ Ովքե՞ր կարող են աղոթքով աջակցել մեզ և ո՞ւմ կարող ենք աջակցել ինքներս։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր միասնական մնալ, միմյանց քաջալերել և ամրացնել մեր հավատը դժվարությունների մեջ՝ վստահ լինելով, որ մեր հույսը Դու ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 1-2, Գաղատացիներին 5