Հեսու 1․1-3, 5-9 Շաբաթ | Սեպտեմբեր 27
Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Հեսու 1․5
ԱՍՏՎԱԾ ԵՐԲԵՔ ՉԻ ԼՔՈՒՄ
Սուրբ Երկիր կատարած մեր ճամփորդության ամենասիրելի մասն այն տեղանքներ էին, որտեղ ժամանակին քայլել է Հիսուս Քրիստոսը։ Հիմա ես ավելի հեշտությամբ կարող եմ պատկերացնել Նրա երկրային կյանքի առանձնահատկությունները։ Սակայն անհարթ, քարքարոտ ճանապարհների բարձրունքներն ու վայրէջքները դժվարությամբ հաղթահարեցի, և տուն վերադարձա ծնկների ցավով։ Բայց, ի՞նչ են իմ աննշան տկարությունները՝ համեմատած նրանց փորձությունների հետ, ովքեր հազարավոր տարիներ առաջ քայլել են այդ նույն ճանապարհներով։ Նրանք ոչ միայն տառապել ու հալածվել են, այլև մահացել։ Բայց, այնուամենայնիվ, Աստված նրանց հետ էր։
Տերը կոչ արեց Իր ժողովրդին հետևել Իրեն, և խոստացավ նրանց առաջնորդել դեպի «լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում» (Ելք 3․8)։ Աստված գիտեր, որ նրանք այնտեղ կհանդիպեն հզոր բանակների և ամուր պատերով քաղաքների։ Սակայն, այն նույն Աստվածը, Ով իրենց հետ էր քառասուն տարի՝ անապատում դեգերումների ժամանակ, խոստացավ չլքել իրենց Ավետյաց Երկիր մտնելիս։ Նա ասաց Հեսուին՝ Իսրայելի նոր առաջնորդին․ «Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ» (Հեսու 1․5)։ Աստված նրան զորացրեց՝ դիմակայելու գալիք փորձություններին և հաստատակամ ու քաջ լինելու։
Մենք կհանդիպենք դժվարությունների, վտանգների և տառապանքի՝ անկախ նրանից՝ Աստված կոչ կանի մեզ գնալ ուրիշ վայր, թե մնալ նույն տեղում։ Կարևոր է իմանալ, որ Աստված մեզ հետ է Իր խոստումներով, մենք կարող ենք կառչել դրանցից և մնալ անսասան։
Որո՞նք են այն խոստումները, որոնցով Աստված մեզ քաջալերում է դժվար պահին։ Ինչպե՞ս կարող ենք այսօր Աստծուց մխիթարություն և աջակցություն խնդրել։
Աղոթք – Ո՛վ փրկության Տեր, երբ Դու ինձ առաջնորդում ես անապատով, և ես վախենում եմ գիշերվա սարսափներից, մխիթարի՛ր ինձ և հիշեցրո՛ւ, որ Դու միշտ ինձ հետ ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 3-4, Գաղատացիներին 6