Հովհաննես 10․1-18, 27-28 Երկուշաբթի | Սեպտեմբեր 29
Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։ Հովհ․ 10․27
ԼՍԵ՛Ք ԵՎ ՀԵՏԵՎԵ՛Ք
Առաջին հայացքից դա սովորական տեսարան էր՝ հայր ու որդի հեծանիվներով զբոսնում էին այգում։ Հայրը, ով մի փոքր առաջ էր, ասում էր որդուն․ «Թեքվում ենք աջ կողմ, այժմ՝ ուղիղ, շրջանցում ենք լճակը»։ Սակայն ամեն ինչ շատ հեռու էր սովորականից։ Տղան կույր էր։ Նա ամբողջովին կախված էր հոր ցուցումներից և հետևում էր դրանց՝ մյուս երեխաների աղմուկի և ճիչերի մեջ։
Սա նման էր Միջագետքի հովիվների կողմից իրենց ոչխարներին առաջնորդելու ձևին՝ առաջ գնալով և նրանց անունով կանչելով (Հովհ․ 10․3-4): Հոտի և հովվի միջև հարաբերություններն այնքան մտերմիկ են, որ «ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը» (հ. 4): «Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն» (հ. 5): Որպես Աստծո ոչխարների հովիվ՝ Հիսուսը ներկայացավ նրանց ձախողված առաջնորդներին: Այս «գողերն» ու «վարձկանները» կենտրոնացած էին բացառապես իրենց սեփական շահերի վրա (հ․ 10, 12-13): Բայց Հիսուսը՝ ճշմարիտ Հովիվը, խոստացավ «առատ կյանք» (հ. 10)՝ զոհաբերելով Իր սեփական կյանքն Իր ոչխարների համար, ապա հարություն առնելով մեռելներից (հ. 9, 17-18, 28):
Երբեմն մենք չգիտենք, թե որ ուղին ընտրել, կամ շփոթված ենք զգում մեզ իրենց կարծիքներն ու սպասումներն արտահայտող բազմաթիվ ձայներից։ Սակայն, եթե լսենք մեր Հովվի ձայնը և հետևենք Նրա առաջնորդությանը, Նա կպաշտպանի մեզ անխոհեմ և վտանգավոր որոշումներից։
Ո՞ր «կեղծ հովիվներն» են փորձում գայթակղել մեզ իրենց գաղափարներով կամ ապրելակերպով։ Ի՞նչ է մեզ ասում Հիսուսը նրանց մասին։
Աղոթք – Մեր Տե՛ր ու Փրկի՛չ Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում բոլոր կարիքների մասին։ Օգնի՛ր լսել Քո ձայնը և քայլել Քո հետ դեպի այն կանաչ և խաղաղ արոտավայրերը, որ պատրաստել ես մեզ համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 7-8, Եփեսացիներին 2