.
2025թ., Հոկտեմբերի 1

Եսայի 9․2-7                                                                                 Չորեքշաբթի   |   Հոկտեմբեր 1

 

Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ․․․: Ես․ 9․2

 

ԽԱՎԱՐԻՑ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ

 

Նիգերիայի ափերից քսան մղոն հեռավորության վրա մի նավ շրջվեց և խորտակվեց։ Անձնակազմի տասնմեկ անդամ մահացավ, բայց նավի խոհարար Հարիսոն Օջեգբա Օկենեն խցիկներից մեկում օդային փուչիկ գտավ և սկսեց հույսով սպասել փրկարարներին։ Նրա միակ պաշարը գազավորված ըմպելիքի շիշն ու երկու լապտերի մարտկոցներն էին, որոնք արագորեն մարեցին։ Երեք սարսափելի օրվա ընթացքում Օկենեն միայնակ մնաց օվկիանոսի հատակի խավարում։ Նա սկսեց հույսը կորցնել՝ մտածելով, որ այդպես էլ կմահանա ու իրեն ոչ ոք չի գտնի։ Բայց Աստված այդ խավարի մեջ լույս ծագեցրեց, և երբ ջրասուզորդներն իջան՝ մարմինները դուրս բերելու, նավի խորքում հայտնաբերեցին կծկված և դողացող այդ խեղճ մարդուն։

Հնարավոր չէ պատկերացնել, թե որքան ահավոր էին նրա համար այդ ժամերը՝ միայնակ և մթության մեջ։ Հետագայում նա լրագրողներին պատմեց, որ դեռ մղձավանջներ է տեսնում՝ հիշելով այդ սարսափելի վիճակը։ Բայց մի պահ պատկերացնենք, թե ինչ զգաց նա, երբ տեսավ, թե ինչպես հզոր լապտերի ճառագայթը թափանցեց ջրի խորքը։ Ինչպիսի՜ ուրախություն։ Ի՜նչ մեծ հույս։

Եսային մարգարեացել էր, որ երբ Մեսիան գա, «խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս կտեսնի» (Ես․ 9․2)։ Աստծուն չճանաչելով՝ մենք ապրում էինք «մահվան ստվերի երկրում», բայց Քրիստոսով լույսը ծագել է շատ տարիներ առաջ նաև մեզ համար (հ․ 2)։

Քրիստոսի հետ մենք այլևս կարիք չունենք վախենալու խավարից, քանզի Նա է «աշխարհի լույսը» (Հովհ. 8․12)։ Երբեմն մենք կարող ենք անհուսության, միայնության և հուսահատության մեջ թակարդված զգալ, բայց Աստված ուղարկում է իր բարի լույսը և խավարից մեզ դուրս հանում։

 

Մեր կյանքում կա՞ն արդյոք խավար ոլորտներ, որոնք մեզ վախեցնում են։ Ինչպե՞ս կարող է Քրիստոսի լույսը դուրս բերել մեզ այդ խավարից։

 

Աղոթք – Տե՛ր, ես Քո լույսի կարիքն ունեմ։ Առաջնորդի՛ր ինձ և դուրս հանի՛ր այն խավարից, որի մեջ ես հայտնվել եմ։ Ամեն:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 11-13, Եփեսացիներին 4