Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար մեծ ու պատմական իրադարձություն է հովվական կոչում ունեցող ծառայողների պաշտոնակոչությունն ու ձեռնադրությունը։ Այն եկեղեցու կարևոր արարողություններից է, որը վկայում է ոչ միայն ծառայության շարունակականության, այլև Տիրոջ անփոփոխ հավատարմության մասին, ով հոգ է տանում իր եկեղեցու համար՝ բարձրացնելով հովիվներ։
2025 թ. սեպտեմբերի 27-ը ՀԱԵ պատմության մեջ արձանագրվեց որպես քառակի տոն։ Այդ օրը Գյումրու ՀԱԵ-ում տեղի ունեցավ տոնական պաշտամունք, որի ընթացքում երկու հովիվ՝ պատ. Կարեն Օչինյանն ու պատ. Արամ Բաբաջանյանը ձեռնադրվեցին, իսկ երկու օգնական հովիվ՝ Գրիգոր Վարդանյանն ու Արկադի Հանիսյանը ստացան քարոզչության արտոնություն։
Տոնական արարողությանն իրենց ծառայությունը բերեցին ոչ միայն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվները, այլև աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ ավետարանական միությունների ներկայացուցիչներ։ Դահլիճը լեցուն էր Հայաստանի տարբեր քաղաքներից եկած ՀԱԵ անդամներով ու հյուրերով։
Թեև օրը մեծ նշանակություն ուներ ՀԱԵ-ի համար, սակայն բոլորի մտքում թարմ էր 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված աղետալի պատերազմի հիշողությունը։ Ուստի պաշտամունքը, ՀԱԵ Ստեփանավանի հովիվ վեր. Հրանտ Բադալյանի առաջնորդությամբ, սկսվեց զոհվածների հիշատակին նվիրված խոսքով ու լռության րոպեով։ Այնուհետև Սաղմոս 113․1-3 և 24․3-5 համարների ընթերցմամբ վեր. Բադալյանը ներկաներին կոչ արեց միաբանվել Աստծուն պաշտելու։
Փառաբանության երգերն առաջնորդեց ՀԱԵ Գյումրու և Բաղրամյան 18-ի երգիչներից հատուկ այս առիթի համար ձևավորված երգչախումբը։
Պաշտամունքը շարունակվեց Սուրբ Գրքի ընթերցմամբ։ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի փոխնախագահ և ՀԱԹ-ի հովիվ վեր. Գևորգ Գասպարյանը մեջբերեց Պողոս առաքյալի 2-րդ նամակը Տիմոթեոսին (2․1-13)՝ հիշեցնելով Քրիստոսի հավատարիմ զինվոր լինելու սկզբունքները, և հովվական աղոթք բարձրացրեց առ Աստված։
Այնուհետև հնչեց Աստծո Խոսքից քարոզ։ Պատգամաբերը Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վեր. դոկ. Հարություն Սելիմյանն էր։ Նա իր պատգամը վերնագրել էր «Կանչված՝ շնորհքով, ուղարկված՝ զորությամբ»՝ հիմք ընդունելով Հովհաննես 21․15-19 և Եսայի 6․1-8 համարները։
Վեր. Սելիմյանը շեշտեց, որ հովվական ծառայությունը մարդկային նախաձեռնություն չէ, այլ՝ Աստծո կանչի ու շնորհքի արդյունք։ Հովվության հիմքը Քրիստոսի հանդեպ սերն է, որը վերածվում է զոհաբերական ծառայության՝ «Արածի՛ր իմ ոչխարները» պատվերին ենթարկվելով։ Հովիվը կոչված է առաջնորդելու ոչ թե իր, այլ Տիրոջ հոտը՝ սնուցելով Աստծո Խոսքով և կենդանի օրինակով։ Նա անդրադարձավ նաև ժամանակակից մարտահրավերներին՝ մշակութային, աշխարհաքաղաքական, մասնագիտական ու հոգևոր, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությունը. «Սիրելի՛ երիտասարդ հովիվներ, այսօր Տերը ձեզ հանձնում է ոչ միայն պարտականություն, այլ նաև մի ուղի, որը կտանի ձեզ խաչի տակով, բայց կհասցնի փառքի լույսին։ Ամեն առավոտ լսե՛ք Տեր Հիսուս Քրիստոսի հարցը՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Ամեն օր ապրե՛ք Նրա պատվիրանը՝ «Արածեցրու՛ իմ ոչխարները»։ Եվ ամեն պահ ապավինե՛ք Սուրբ Հոգուն»,- հովիվներին ուղղված այս կոչով եզրափակեց իր խոսքը վեր. Հարություն Սելիմյանը։
Այնուհետև ՀԱԵ Իջևանի հովիվ վեր. Ալբերտ Փայտյանի առաջնորդությամբ ներկաները միասնական ընթերցեցին Հայ Ավետարանական հավատո հանգանակը։ Հետո ՀԱԵ Հոգևոր Խորհրդի (ՀԽ) քարտուղար պատ. Խաչիկ Նազարյանն ընթերցեց ՀԽ որոշումը, որը հաստատում էր թեկնածուների բոլոր ընթացակարգերով անցնելու, անհրաժեշտ հանձնարարությունները կատարելու, ինչպես նաև պատրաստվածությամբ ու վկայությամբ հովվական ծառայությանը համապատասխանելու մասին:
Հաջորդեց քարոզչության արտոնության արարողությունը։ ՀԱԵ ՀԽ նախագահ վեր. Վարդան Ափինյանը բեմ հրավիրեց ՀԱԵ Բաղրամյան 18-ի օգնական հովիվ Արկադի Հանիսյանին և ՀԱԵ Գյումրու օգնական հովիվ Գրիգոր Վարդանյանին։ Վեր. Ափինյանը նախ, ՀԱԵ պաշտոնակոչության ընթացակարգի համաձայն, առանձին-առանձին նրանց ուղղեց պաշտոնակոչության ուխտի հարցերը, իսկ համայնքը լսեց բարձրաձայն հնչող պատասխանները: Այնուհետև վեր. Ափինյանն ուխտի հաստատության աղոթք բարձրացրեց, որից հետո ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը հայտարարեց. «Այսուհետև Գրիգոր Վարդանյանն ու Արկադի Հանիսյանը կկոչվեն պատվելի, և քարոզչության արտոնության հետ միասին իրավունք կունենան մատակարարելու եկեղեցական խորհուրդներն իրենց ծառայության վայրում»:
Արարողության հաջորդ մասը ձեռնադրությունն էր: Վեր. Վարդան Ափինյանը բեմ հրավիրեց ձեռնադրության թեկնածուներին՝ ՀԱԵ Գյումրու հովիվ պատ. Արամ Բաբաջանյանին և ՀԱԵ Սպիտակի հովիվ պատ. Կարեն Օչինյանին, նրանց ուղղեց ձեռնադրության ուխտի հարցերը, որոնց պատասխանելով ՝ ձեռնադրվող հովիվները հաստատեցին իրենց հավատարմությունն ու պատրաստակամությունը՝ ամբողջությամբ ծառայելու Աստծուն եւ Նրա եկեղեցուն: Հաստատումից հետո տեղի ունեցավ բուն ձեռնադրության արարողությունը, որի ընթացքում ներկա բոլոր ձեռնադրյալ հովիվները, դնելով իրենց աջ ձեռքը, աղոթեցին պատ. Օչինյանի ու պատ. Բաբաջանյանի համար: Խորհրդանշական արարողություն էր նաեւ աղոթքին հաջորդող «Աջ ձեռքի տվչությունը», որի ժամանակ նախորդ անգամ ձեռնադրված հովիվներն իրենց աջը տվեցին նոր վերապատվելիներին եւ բարի գալուստ մաղթեցին ՀԱԵ ձեռնադրյալ հովիվների ընտանիք:
Ձեռնադրության հուզիչ արարողությանը հաջորդեց ավագ հովվի հայտարարությունն այն մասին, որ այսուհետև Կարեն Օչինյանն ու Արամ Բաբաջանյանը կկոչվեն վերապատվելի, և իրավունք կունենան քարոզելու և եկեղեցական խորհուրդներ կատարելու Հայ Ավետարանական բոլոր եկեղեցիներում:
Հյուրերի թվում էր Ավստրալիայից ժամանած Հայ Ավետարանական հովիվ վեր. դոկ. Գրիգոր Յումուշաջիկյանը, ով իր հորդորն ուղղեց նորաթուխ ձեռնադրյալ հովիվներին ու արտոնյալ քարոզիչներին՝ հիշեցնելով, որ նրանք կոչված են հովվելու Աստծո հոտին, քարոզելու ճշմարտությունը, խնամելու ու պաշտպանելու հավատացյալներին: Վեր. Յումուշաջիկյանը հորդորեց մնալ հավատարիմ, ապրել անձնական սրբությամբ, աղոթքով ու Խոսքի մեջ հաստատվելով. «Մի՛ հուսահատվեք դժվարություններից, որովհետև դուք Ավետարանի ծառաներն եք, և ձեր ուժը ոչ թե ձեր կարողությունից է, այլ Քրիստոսի շնորհից։ Մղե՛ք բարի պայքարը, պահե՛ք հավատը և սպասե՛ք փառքի պսակին»,- նշեց վերապատվելին:
Հորդոր կար նաև ուղղված հավատացյալներին, ովքեր ներկա էին պաշտամունքին: Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. դոկ. Ռընե Լևոնյանը համայնքին խնդրեց, որ ուշադիր լինեն իրենց հովիվների հանդեպ, որպես մեկ ընտանիքի անդամ՝ հոգատարություն ու սեր դրսևորեն, պատրաստ լինեն քաջալերելու և աջակցելու, որովհետև միասնականությունն ու համագործակցությունն է նաև նպաստում Աստծո Արքայության տարածմանը երկրի վրա:
Տոնական պաշտամունքն ավարտվեց Տերունական աղոթքով ու ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի առաքելական օրհնությամբ: