.
Վերանորոգված «Շողիկ» ճամբարը նվիրվեց Աստծուն

«Շողիկ» ճամբարը, որը գրեթե երկու տասնամյակ Հայաստանյայց Ավետարանակն եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հոգևոր ու կրթական համատեղ ծրագրերի կենտրոնն էր, բոլորովին նոր՝ ժամանակակից լուծումներով, տարբերվող դիզայնով ու հարմարավետ պայմաններով կդիմավորի հազարավոր երեխաների, դեռահասների, երիտասարդների, կանանց ու տղամարդկանց, ովքեր կգան ոչ միայն հանգստանալու, այլև վերափոխվելու, Աստծո Խոսքը սերտելու, հոգևորապես աճելու ու զորանալու:  

Ճամբարի վերաբացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, բայց մինչ կկտրվեր կարմիր ժապավենն ու հյուրերը կշրջեին վերակառուցված համալիրով ու կծանոթանային ժամանակակից հնարավորություններին, ՀԱԵ-ն նվիրման պաշտամունքով հայտարարեց, որ այն, ինչ ստացել են Աստծուց՝ տարածքն ու շինություններն իրենց ողջ ճոխությամբ, պատկանում է Աստծուն և ծառայելու է ի փառս Նրա:

Նվիրման պաշտամունքը սկսվեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի միաբանվելու կոչով ու Սաղմոս 19.1-11 համարների ընթերցմամբ, որին հաջորդեց Հայ Ավետարանական հավատո հանգանակի միասնական ընթերցումը:

Այնուհետև, ներկաները փառաբանեցին Աստծուն հոգևոր երգով, իսկ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը Սաղմոսներից ընթերցեց հատվածներ, որոնք նկարագրում են Տիրոջ ներկայությամբ օրհնված տարածքի ճոխությունն ու Աստծո անունը կանչելու կարևորությունը (Սաղմոս 84․1-4, 10-12, 105․1-5):

Փառաբանության աղոթքն առաջնորդեց Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. դոկ. Ռընե Լևոնյանը, բայց մինչ այդ պատմեց, թե ինչպես է գնվել ճամբարի տարածքն ու որքան մեծ է եղել Տիրոջ ողորմությունն այդ տարածքի վերազարթոնքի բոլոր փուլերում՝ հաստատելով, որ Աստված հավատարիմ է, և Իր շնորհքը չի պակասում:    

Պաշտամունքը շարունակվեց գոհության երգերով՝ պատրաստելով ներկաներին Աստծո Խոսքից պատգամի ունկնդրմանը: Պատգամաբերն Ավստրալիայից ժամանած Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ ու Ավստրալիլայում AMAA-ի նախագահ և գործադիր տնօրեն վեր. դոկ. Գրիգոր Յումուշաջիկյանն էր: Վերապատվելին պատգամը հիմնել էր Հեսու 3.5-ի վրա ու վերնագրել այն՝ «Զատված Աստծո համար»:

Վեր. Յումուշաջիկյանն իր խոսքը սկսեց շեշտադրումով, թե ճամբարի տարածքը սրբազան հող է, որովհետև այստեղ հոգիներ են փրկվելու, Ավետարանն է քարոզվելու, հոգնածները հանգիստ են գտնելու, և Աստծո Հոգին է գործելու. «Այսօր մենք կանգնած չենք պարզապես որպես շինարարներ, պլանավորողներ կամ կազմակերպիչներ․ մենք կանգնած ենք որպես Աստծո տեսիլքի տնտեսներ։ Սա առաքելության հող է, և Աստված, որ մեզ այստեղ է բերել, դեռ չի ավարտել իր գործը»,-նշեց վերապատվելին։ Հիշելով Մովսեսի հանդիպումն Աստծո հետ այրվող մորենու մեջ՝ վերապատվելին նկատեց, որ հողը սուրբ դարձնողն Աստծո ներկայությունն ու նպատակներն են. «Այս հողը, որն այսօր նվիրվում է որպես քրիստոնեական առաքելության ճամբար, սրբազան է դառնում, որովհետև մենք հրավիրում ենք Աստծո ներկայությունը և հանձնում ենք Նրան այս նպատակը։ Երեխաներ, պատանիներ, ընտանիքներ և Աստծուն փնտրողներ կգան այստեղ, որպեսզի հանդիպեն Հիսուսին։ Սա այն վայրն է, որտեղ ծիծաղը պիտի հնչի, աղոթքները պիտի բարձրանան, իսկ արցունքները պիտի թափվեն ողորմության և բժշկության մեջ։ Այս հողը տեսնելու է փրկություններ, նվիրվող սրտեր, ծառայության կանչեր և կյանքեր, որոնք հավիտենապես պիտի փոխվեն։ Թեթև մի՛ վերաբերվեք այս վայրին․ եկե՛ք լինենք հավատարիմ ու պատասխանատու այն պաշտպանելու, պահպանելու և աղոթքով ծածկելու գործում»։ Իր խոսքում վեր. Յումուշաջիկյանն անդրադարձավ նաև ոչ միայն տարածքն Աստծուն նվիրելու կարևորությանը, այլև ինքներս մեզ նվիրելուն՝ որպես այս առաքելության ծառաներ. «Սա մեր նախագիծը չէ, սա Աստծո գործն է, և մենք նրա ծառաներն ենք։ Ճամբարները գալիս ու գնում են, շենքերը քայքայվում են, ծրագրերը՝ փոխարինվում, բայց Աստծո գործը մնայուն է՝ նվիրված ու հավատարիմ սրտերի միջոցով։ Թող այս ճամբարը երբեք չկորցնի իր կենտրոնացումը Քրիստոսի վրա»,- նշեց վերապատվելին՝ պատգամն ամփոփելով օրհնության խոսքերով։

Տիրոջ Խոսքի պատգամին հաջորդեց նվիրման կարգը, որը վստահվել էր Սիրիրայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վեր. դոկ. Հարություն Սելիմյանին: Վերջինս ընթերցեց նվիրաբերման խոսքը. «Այս տարածքն այսուհետ զատված է ամեն անսուրբ ու Աստծո կամքին հակառակ գործածությունից և նվիրաբերված է Ամենակալ Աստծո պաշտամունքի ծառայությանը, ով արժանի է Փառքի, պատվի, իշխանության և զորության հավիտյանս հավիտենից»: Ի պատասխան այս հայտարարությանը՝ ներկաները հնչեցրին հետևյալ խոսքերը. «Այս տարածքը նվիրում ենք Աստծուն Իր փառքի ու ծառայության համար»:

Ճամբարի տարածքի նվիրաբերման պաշտամունքն ավարտվեց Տերունական աղոթքով ու ՀԱԵ ավագ հովվի առաքելական օրհնությամբ:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին փառք է տալիս Աստծուն AMAA-ի բոլոր նվիրատուների համար, ովքեր, որպես Տիրոջ գործի հավատարիմ տնտեսներ, լավագույն բաժինն են բերում Աստծո փառքի ու հայրենիքի հզորացման համար: Աղոթող ենք, որ այս հողը միշտ մնա կենդանի վկայություն Աստծո շնորհքի, հավատարիմ ծառայողների և սուրբ նպատակի համար՝ փառք բերելով միայն Նրան։

Նախորդ
...
X