Փիլիպպեցիներին 4․4-1 Երկուշաբթի | Հոկտեմբեր 6
․․․ Ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ։ Փիլ․ 4․11
ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ
Տեսողական նյարդի նեյրոպաթիայի հայտնաբերումից երկու շաբաթ անց Սեմը կուրացավ։ Նա ստիպված եղավ վաճառել իր մեքենան, տունը և ունեցվածքի մեծ մասը, ապա տեղափոխվել ծերանոց։ Ժամանակի ընթացքում, առողջական վիճակից ելնելով, նա դադարել էր դասավանդել, իսկ այժմ զրկվեց նաև իր աշխատանքից՝ «Հույսի ջահ» քրիստոնեական ծառայությունում, որտեղ նա օգնում էր կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց գրքերի խմբագրման և ձայնագրման միջոցով։
Սակայն Սեմի հավատը շարունակում էր ճառագել բոլոր փորձությունների միջով: Նա, ինչպես Պողոս առաքյալը, սովորեց բավարարվածություն գտնել Քրիստոսի հետ իր հարաբերություններում, այլ ոչ թե փոփոխվող հանգամանքներում (Փիլ․ 4․11-13): Ֆիզիկապես Սեմն այժմ ապրում է խավարում, բայց հոգևորապես մնում է Քրիստոսի կենսատու լույսի մեջ:
Ինչո՞ւ է Պողոս առաքյալը հորդորում Փիլիպպեցիներին «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք» (հ․ 4): «Միշտ», ոչ թե միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում: Որովհետև «Տերը մոտ է» (հ․ 5): Մենք կարող ենք հաղթահարել անհանգստությունը՝ մեր կարիքների համար աղոթելով «գոհությամբ», ինչը մեզ կօգնի վստահել Աստծուն և գտնել Նրա խաղաղությունը (հ․ 7): Երբ դժվարությունների կամ գայթակղության մեջ ենք հայտնվում, կարևոր է կենտրոնանալ Աստծո բարության վրա, որով լցված է մեր կյանքը (հ․ 8):
Անկախ այն ամենից, ինչին բախվում ենք առօրյա կյանքում, եկե՛ք Սեմի օրինակով հավատքով աղոթենք, խորհենք Աստծո բարության մասին և ապրենք Քրիստոսի լույսի մեջ։ Այդպես մենք ևս կսովորենք գոհանալ՝ Նրանից բխող աստվածային զորության շնորհիվ (հ․ 13)։
Աստծո բարության ի՞նչ դրսևորումների համար կարող ենք շնորհակալություն հայտնել Նրան մեր ներկայիս դժվարությունների մեջ։ Ի՞նչ խնդիրների մասին կարող ենք աղոթել՝ գոհանալով ամեն բանի համար:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ տեսնել Քո անսահման բարությունն ու հոգատարությունը նույնսիկ փոքրիկ հարցերում։ Շնորհակալ եմ, որ Քո սիրո ու հավատարմության շնորհիվ ինձ երբեք մենակ չես թողնում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 26-27, Փիլիպպեցիներին 2