Ա Պետրոս 3․15-18 Չորեքշաբթի | Հոկտեմբեր 8
Այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Ա Պետ․ 3․15
ԲԱՑ ԹՈՂԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ի՞նչ եք անում այստեղ առավոտյան այսքան վաղ, ինչու՞ եք օգնում անծանոթներին, հատկապես՝ հարբածներին»։ Քրիստոսի մասին խոսելու ավելի լավ հնարավորություն դժվար էր պատկերացնել։ Ես՝ որպես «Փողոցային հովիվներ» կազմակերպության կամավոր, ամեն ուրբաթ երեկոյան գնում էի քաղաքի կենտրոն, ջուր էի բաժանում, տաքսիով ճանապարհում, և ընդհանրապես, հոգ էի տանում նրանց մասին, ովքեր օգնության կարիք էին ունենում։ Եվ մինչ շատերը շնորհակալություն էին հայտնում ինձ, մյուսները պարզապես ուզում էին իմանալ, թե ովքեր ենք մենք։ Այսպիսով, երբ հարցրին մեր ծառայության նպատակի մասին, ես շփոթված էի, և ինչ-որ բան մրմնջացի քաղաքի բնակիչների անվտանգության մասին, մինչդեռ ոչ մի խոսք չասացի Քրիստոսի մասին։
Այս դեպքը խլեց ինձնից խաղաղությունս։ Ես մտածեցի Պետրոսի խոսքերի մասին. «Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք․․․» (Ա Պետ․ 3․15-16)։ Միշտ պատրաստ եղե՛ք... Եվ այդ ժամանակ ես հասկացա. կարևորը ոչ թե պարզապես պատասխան տալու պատրաստ լինելն է, այլ Տիրոջը սրբացնելը մեր սրտերում։
«Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի» (հ․ 18): Հենց այստեղ է սկսվում Ավետարանը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով և այն անսասան համոզմամբ, որ Նա հաշտեցրել է մեզ Հայր Աստծո հետ: Սա մեր հույսն է և աշխարհայացքի հիմքը: Որքան ավելի գիտակցաբար ու ուրախությամբ ենք սա ընդունում, այնքան ավելի ակնհայտ է արտացոլվում Ավետարանը մեր խոսակցություններում։
Երբևէ պատահե՞լ է, որ վախը կամ անհանգստությունը խանգարի մեզ վկայել Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող է Հիսուսի հետ մտերմությունը փոխել այդ զգացումը։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ իմ Փրկիչն ես։ Օգնի՛ր ինձ ամեն օր ժամանակ հատկացնել Քեզ երկրպագելու և Քո սիրով լցվելու համար, որպեսզի կյանքս վկայի Քո բարության ու սիրո մասին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 30-31, Փիլիպպեցիներին 4