.
2025թ., Հոկտեմբերի 9

Եփեսացիներին 1․5-7                                                                   Հինգշաբթի   |   Հոկտեմբեր 9

 

 

Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով․․․: Եփես․1․7

 

Ի՞ՆՉ ԱՐԵՑ ՀԻՍՈՒՍԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

 

Անդրեասը, ով էլեկտրոնային սարքավորումներ արտադրող ընկերության սեփականատերն էր, վաճառքներում ամենալավ ցուցանիշները դրսևորած աշխատակիցներին նվիրեց մեկօրյա ծովային ուղևորություն: Ինքը նույնպես իր յոթնամյա որդու՝ Ջիմի հետ միացավ նրանց։ Երբ աշխատակիցները սկսեցին նավ նստել, տղան, հոր ձեռքը բռնած, հուզված սպասում էր իր հերթին։ «Իսկ դու ինչքա՞ն ապրանք վաճառեցիր, որ մեզ հետ գալիս ես» – կատակով հարցրեց Ջիմին աշխատակիցներից մեկը։ «Ոչ մի, – պատասխանեց նա, – հայրս ինձ թույլ տվեց»:

Ջիմը ստիպված չէր աշխատել ուղևորության գնալու համար։ Նրա հայրն արդեն վճարել էր։ Մենք՝ Հիսուս Քրիստոսին հավատացողներս, երկնքի արքայություն մտնելու համար չենք ապավինում մեր սեփական արժանիքներին։ Մենք Աստծո արքայություն մուտք ենք գործում Քրիստոսի մահվան և հարության միջոցով։ «Մեղքի հատուցումը մահն է», - ասում է Աստվածաշունչը (Հռ․ 6․23), և Փրկչի արյունը դարձավ մեր վճարը։ «Նրանով փրկություն ունենք, իր արյան միջոցով մեղքերի թողություն» (Եփես․ 1․7)։ Նա բացեց մեզ համար ճանապարհը, «որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ․ 3․16)։ Քրիստոսի գործը և Նրա արժանիքների հանդեպ մեր հավատը մեզ հնարավորություն են տալիս հավիտյան Նրա հետ լինել։

Քրիստոսի մեջ փրկության պարգևն ընդունելով՝ մենք դառնում ենք Աստծո զավակներ։ Սա Նրա շնորհն է, որով մեզ ընդունելի դարձրեց (Եփես. 1․6)։ Ջիմի նման, մենք կարող ենք նայել մեր Երկնային Հորը և վստահորեն ասել. «Նա ինձ թույլ տվեց»։

 

Ի՞նչ զգացողություն ենք ունենում, երբ մտածում ենք Հիսուսի զոհաբերության մասին մեր մեղքերի համար։  Ինչպիսի՞ ազդեցություն ունի այս ճշմարտությունը մեր կյանքի վրա։

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ խաչվեցիր ինձ համար։ Քո ողորմածությամբ և սիրով մենք ներված ենք և գիտենք, որ հավիտյան կլինենք Քեզ հետ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 32-33, Կողոսացիներին 1