Սաղմոսներ 88․1, 6-18 Ուրբաթ | Հոկտեմբեր 10
Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։ Սաղմ․ 88․18
ՀՈՒՍԱՀԱՏ ԱՂՈԹՔ
Չարլզը խոր ընկճվածության մեջ ընկավ։ Չնայած նա ուներ սիրող կին և երեխաներ, սակայն իրեն միայնակ էր զգում։ «Նրանց խնամքի բեռը գնալով ծանրանում էր, - կիսվում է Չարլզը, ես հասա այն կետին, որ այլևս չէի ուզում ապրել»։ Ապշեցուցիչ է, իսկ գուցե և ոչ այդքան, բայց Չարլզ Մորրիսը, այդ ամենին զուգահեռ, նաև նվիրված էր քրիստոնեական ծառայությանը։
Նրա ընկերներից մեկը խորհուրդ տվեց ընկճվածության պահին «խորասուզվել Սաղմոսների մեջ»։ Չարլզը սկսեց ընթերցել իր հոգեվիճակին համապատասխանող հատվածներ, ապավինել Աստծո ներկայությանը և միաժամանակ խոհեմորեն օգտվել բժշկական խորհրդատվությունից։
Շատ սաղմոսներ աչքի են ընկնում իրենց խոր անկեղծությամբ։ Այդ սաղմոսներից մեկը գրել է Եզրահեցի Եմանը։ Սաղմոսի հենց առաջին տողից էլ կարելի է հույս գտնել. «Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված» (Սաղմ․ 88․1)։ Այնուհետև Եմանը ներկայացնում է իր բողոքն Աստծո առաջ. «Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ» (հ․ 6)։ «Քո ալիքներով նեղացրիր ինձ» (հ․ 7), ապա սկսում հարցեր տալ. « Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից» (հ․ 14)։ Սաղմոսների մեծ մասն ավարտվում է հույսի արտահայտությամբ։ Բայց ոչ սա։ «Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են», - գրում է Եմանը վերջում (հ․ 18)։ Սա իսկապես հուսահատ մարդու աղոթք է, բայց, այնուամենայնիվ, Եմանն իր ողջ ցավն ուղղում է Աստծուն։
Այսպիսի սաղմոսներ կարդալով՝ մենք հասկանում ենք, որ միայնակ չենք։ Սաղմոսերգուները նույնպես հուսահատություն էին զգում ու արտահայտում այն իրենց գրվածքներում։ Եթե Աստված ընդունեց Եմանի անկեղծ աղոթքները, ապա Նա կընդունի նաև մեր հուսահատ աղոթքները։ Նա մոտ է մեզ… Նա լսում է մեզ:
Ո՞ր Սաղմոսն է մեզ առավել հոգեհարազատ։
Ինչի՞ համար կցանկանայինք այսօր աղոթք բարձրացնել առ Աստծ։
Աղոթք – Երկնայի՛ն Սուրբ Հայր, երբեմն ցավս այնքան մեծ է, որ չեմ կարողանում աղոթել։ Շնորհակալ եմ, որ Քո մեծությամբ ընդունում ես տկարությունս, իմ ողջ ցավն ու հուսահատությունը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 34-36, Կողոսացիներին 2