Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին մեծ կարևորություն է տալիս համայնքի անդամների հոգևոր կրթությանն ու շարունակական աճին։ Այդ նպատակով ՀԱԵ գրեթե բոլոր տեղական եկեղեցիներում գործում են Սուրբ Գրքի սերտողության խմբեր՝ կանանց, տղամարդկանց, երիտասարդների, պատանիների և երեխաների համար՝ յուրաքանչյուրը իր առանձնահատուկ մոտեցմամբ։
Տարիներ շարունակ ՀԱԵ կանանց խմբերը տարբեր եկեղեցիներում միասին են անցնում հոգևոր աճի ուղին՝ սերտելով Սուրբ Գրքի նույն բաժինները։ Երբ որևէ գիրք ընտրվում է որպես սերտողության նյութ, նախ հովիվները վերապատրաստում են խմբերը վարող առաջնորդներին, որպեսզի նրանք խոր գիտելիքով ու վստահությամբ առաջնորդեն քննարկումները։
Այս տարվա հոկտեմբերին կանանց խմբերի առաջնորդների համար կազմակերպվեցին միաժամանակյա վերապատրաստման սեմինարներ՝
- հոկտեմբերի 4-ին՝ Երևանում՝ մայրաքաղաքի և մոտակա շրջանների եկեղեցիների կանանց խմբերի առաջնորդների համար,
- նույն օրը Վանաձորում՝ Հայաստանի հյուսիսային համայնքների առաջնորդների համար,
- իսկ հոկտեմբերի 7-ին՝ Սիսիանում՝ Սյունիքի մարզի ներկայացուցիչների համար։
Վերապատրաստումների ընթացքում կանայք սերտեցին Պետրոսի Ա և Բ նամակները, ինչպես նաև Հուդայի թուղթը։ Նրանք ծանոթացան գրությունների հեղինակներին, պատմական ու հոգևոր համատեքստին, հիմնական թեմաներին և Աստծո Խոսքի կենտրոնական պատգամին։
Վերապատրաստման պատասխանատվությունը ստանձնել էին ՀԱԵ մի շարք հովիվներ․
- Երևանում՝ Պետրոսի նամակների շուրջ խոսեց ՀԱԵ Բաղրամյան 18-ի օգնական հովիվ, պատ. Արկադի Հանիսյանը, իսկ Հուդայի թուղթը ներկայացրեց ՀԱԵ ավագ հովիվ, վեր. Ավետիք Խաչատրյանը,
- Վանաձորում՝ թե՛ Պետրոսի, թե՛ Հուդայի նամակների մեկնաբանությամբ հանդես եկավ ՀԱԵ Աբովյանի հովիվ, պատ. Արմեն Միսակյանը,
- Սիսիանում՝ վերապատրաստումը վարեց ՀԱԵ Ստեփանավանի օգնական հովիվ, պատ. Դավիթ Բաբայանը։
ՀԱԵ կանանց խմբերը Պետրոսի նամակներն ու Հուդայի թուղթը կսկսեն սերտել հոկտեմբերի կեսերից մինչև 2026 թվականի գարունը, միասնաբար շարունակելով Աստծո Խոսքի խոր ուսումնասիրության ու հոգևոր աճի ընթացքը։