Երեմիա 4․14-16, 5․1-6 Շաբաթ | Հոկտեմբեր 11
Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։ Սաղմ․ 88․18
ՄՈՒՏՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Որպես երիտասարդ լրագրող՝ ես արագորեն հասկացա մամուլի անցագրի ուժը։ Իմ անունով, լուսանկարով և լրատվամիջոցների նույնականացման տվյալներով այս անցաթուղթը թույլ տվեց ինձ հարցազրույցներ վարել մարզիկների և հայտնիների հետ խոշոր միջոցառումներից առաջ և հետո։
Սակայն, երբ ընդունեցի Հիսուս Քրիստոսին որպես իմ Տեր ու Փրկիչ, հասկացա, որ մարզական հաջողությունը և կարիերան դարձել են իմ կուռքերը։ Աստծո կոչին հետևելով՝ ես հրաժարվեցի լրագրողական անցաթղթից, բայց դրա փոխարեն աղոթքի միջոցով ստացա մուտք դեպի երկնքի արքայություն՝ Քրիստոսի մահվան և հարության շնորհիվ։
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը հիշում է, թե ինչպես Իսրայելում Ահարոնի ժառանգներից մեկն ընտրվեց որպես քահանայապետ՝ Աստծո առաջ մեզ ներկայացնող միջնորդ։ Միայն նա կարող էր տարին մեկ անգամ մտնել Տաճարի Սրբության Սրբոցը՝ «ընծաներ ու զոհեր մատուցելու մեղքերի համար» (Եբր․ 5․1):
Բայց հետո եկավ Քրիստոսը՝ մեր մեծ և կատարյալ Քահանայապետը։ Երբ Նա մահացավ, տաճարի վարագույրը պատռվեց, և Աստծո ու մարդկության միջև եղած արգելքը վերացավ (Մատթ․27․51):
Քանի որ Փրկիչը մեզ հաշտեցրել է Իր Հոր հետ, մենք կարող ենք ազատորեն մոտենալ Աստծուն։ «Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբր․ 4․16)։ Ի՜նչ մեծ պատիվ է «անցաթուղթ» ունենալ Քրիստոսի միջոցով և խոսել Աստծո հետ առանց միջնորդի։
Ինչպե՞ս կարող ենք հարատևել աղոթքի մեջ։
Ի՞նչն է սովորաբար խանգարում մեզ զրուցել Աստծո հետ։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ինձ համար բացեցիր ճանապարհ դեպի Հայր Աստված։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 37-38, Կողոսացիներին 3