Սաղմոսներ 113 Կիրակի | Հոկտեմբեր 12
Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ. Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար։ Սաղմ․ 113․5-6
ՀՈԳԱՏԱՐ ԱՍՏՎԱԾ
Աստծո մեջ ինձ հատկապես դուր է գալիս նրա հոգատարությունը կյանքիս մեջ տեղի ունեցող նույնիսկ փոքրիկ բաների նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ ստացա անսպասելի նվեր, որն ինձ անսահման ուրախություն պատճառեց։ Այդ ժամանակ մենք տան վերանորոգման համար գումար չունեինք, և ես չգիտեի՝ ինչ անել։ Հանկարծ հենց ամենաանհրաժեշտ պահին դրամական փոխանցում ստացա մի անհայտ անձից։ Աստված հոգաց մեր կարիքը։
Ես հուզմունքով ու ցնծությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ Աստծո ձեռքը մեծ և փոքր բաների մեջ։ Երբ ինքնաթիռում պատուհանի մոտ նստելու հնարավորություն եմ ստանում, ներքևում քաղաքներին եմ նայում և խորհում հազարավոր կյանքերի մասին, որոնցից յուրաքանչյուրում նույնքան մանրուքներ կան, որքան իմ կյանքում։ Սա ցնցում է երևակայությունս, սակայն ես գիտեմ՝ Աստված ներգրավված է ինչպես իմ, այնպես էլ յուրաքանչյուր մարդու կյանքում։
«Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ. Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար», - զարմանում է սաղմոսերգու Դավիթը (Սաղ․ 113․5-6): Չնայած Նա «բարձր է բոլոր ազգերի վրա» (հ․ 4), այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ կարևոր է Նրա համար: Նա «աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին» (հ․ 7): Նրա համար չկան աննշան մարդիկ:
Մեր կյանքը գուցե երբեմն աննշան թվա, սակայն Երկնային Հայրը մեծ բավականություն է ստանում անգամ մեր ամենաթեթև ու աննշան մանրուքների մասին հոգ տանելուց։ Մենք Նրա աչքի առաջ եք, Նրա կողմից ճանաչված ու անսահման սիրելի։
Ե՞րբ ենք դժվարանում հավատալ, որ Ամենակարող Աստված տեսնում է մեզ և հոգ տանում մեր մասին։ Ինչպե՞ս կարող ենք շնորհակալություն հայտնել Նրան մեր կյանքի յուրաքանչյուր մանրուքի մեջ ներգրավված լինելու համար։
Աղոթք – Տե՛ր, Դու անչափ մեծ ու անընկալելի ես, բայց միևնույն ժամանակ նաև անսահման սիրող։ Շնորհակալ եմ ներկայությանդ համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 39-40, Կողոսացիներին 4