Ղուկաս 19․28-40 Երկուշաբթի | Հոկտեմբեր 13
Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու։ Ղուկ․ 19․40
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԳՈՎԱՍԱՆՔ
Ռումինացի երգահան Նիկոլաե Մոլդովեանուն համաշխարհային ճանաչում ուներ որպես հեղինակավոր նվագախմբերի և օպերային թատերախմբերի դիրիժոր։ Նա նաև քրիստոնյա էր, այդ պատճառով Չաուշեսկուի բռնապետական ռեժիմը նրան դատապարտեց տասներկու տարվա տաժանակիր աշխատանքների։ Բայց նույնիսկ առանց գրելու միջոցների՝ Մոլդովեանուն կարողացավ իր հիշողության մեջ ստեղծել և պահպանել երեք հարյուր հիսուն հոգևոր երգ, որոնք մինչ օրս երգվում են ռումինական եկեղեցիներում։
Վերջիվերջո կոմպոզիտորին առաջարկեցին ազատություն՝ այն պայմանով, որ նա դադարի ստեղծագործել քրիստոնեական երգեր։ «Այդ դեպքում թողեք ինձ այստեղ, – պատասխանեց Մոլդովեանուն, – ես երբեք չեմ դադարի իմ երգերով փառաբանել Աստծուն»։
Գովասանքը Քրիստոսին ճանաչելու անխուսափելի հետևանք է։ Երբ Նա Իրեն հռչակեց խոստացված Թագավոր՝ հաղթականորեն մտնելով Երուսաղեմ՝ էշի վրա (Ղուկ․ 19․28-31), ամբոխը, ականատես լինելով մարգարեության կատարմանը (Զաք․ 9․9), գովեստի խոսքեր ասաց Քրիստոսին։ Նրանք «իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա» (Ղուկ․ 19․36), և «աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր» (հ․ 37)։ Փարիսեցիները, զայրացած կատարվածից, պահանջեցին, որ Հիսուսը հանդիմանի նրանց (հ․39)։ Սակայն Նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու» (հ․ 40)։
Եթե մենք ճանաչենք Աստծո սերն ու ճշմարտությունը, ոչինչ՝ ո՛չ արգելքները, ո՛չ էլ բանտը, չեն կարող կանգնեցնել մեր սրտերից եկող գովասանքի հոսքը։
Երբևէ եղե՞լ է, որ ինքնաբերաբար գովաբանենք Աստծուն Իր կատարելության կամ Նրա արած որևէ բանի համար։ Ի՞նչն է մեզ ոգեշնչում այսօր գովաբանել Քրիստոսին։
Աղոթք – Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը, խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 41-42, Ա Թեսաղոնիկեցիներին 1