Սաղմոս 119․169-176 Հինգշաբթի | Հոկտեմբեր 16
Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։ Սաղմ․ 119․176
ԱՍՏՎԱԾ ՓՆՏՐՈՒՄ Է
Գիտնական Դևիդ Ութթալն ուսումնասիրում էր տեղաշարժման և կողմնորոշման մեխանիզմները, սակայն ինքը հաճախ դժվարանում էր կողմնորոշվել տարածության մեջ։ Սա նրա համար խնդիր էր դեռ մանկուց. տասներեք տարեկան հասակում նա մոլորվել էր արշավի ընթացքում և երկու օր անցկացրել անտառում։ Դևիդը խոստովանում է, որ մինչ օրս անգամ պարզ երթուղիներով դժվարանում է ճանապարհը գտնել։ Ոմանք կարծես բնածին կողմնորոշման ձիրք ունեն. նրանք միշտ գիտեն, թե որտեղ են և ինչպես կարող են հասնել նպատակակետին։ Իսկ մյուսները Դևիդի պես հաճախ շփոթվում են նույնիսկ ամենահստակ ուղղորդումների դեպքում ու հեշտությամբ մոլորվում։
Սաղմոսերգու Դավիթը նույնպես երբեմն իրեն մոլորված էր զգում: «Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները»,– աղաղակում էր նա Աստծուն (Սաղմ. 119.176)։ Չնայած ոչխարները արժեքավոր կենդանիներ են, սակայն նրանք կարող են նաև անկառավարելի լինել և մոլորվել հոտից՝ ստիպելով հովիվներին փնտրել իրենց: Այդ պահին սաղմոսերգուն կարծես կորցրել էր իր հոգևոր կողմնորոշումը և կարիք ուներ, որ Աստված գտներ իրեն ու վերադարձներ ճշմարիտ ճանապարհին (հ․ 169)։
Երբ մենք հեռանում ենք մեր Արարչից, Նա Իր սիրով փնտրում է մեզ և վերադարձնում Իր մոտ, օգնում է մեզ հասկանալ Սուրբ Գիրքը և հետևել Իր պատվիրաններին (հ․172)։ Այս կերպ Նա պահում է մեզ Իր ներկայության մեջ, որպեսզի այլևս չմոլորվենք։
Երբևէ պատահե՞լ է, որ հեռանանք Աստծուց և Նրա իմաստությունից։
Ինչպե՞ս կարող ենք պահել Նրա խրատները մեր սրտում։
Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, մենք հաճախ նմանվում ենք մոլորված գառներին՝ հեշտությամբ շեղվելով և հեռանալով Քո ճանապարհից։ Պահի՛ր մեզ Քեզ մոտ, որ չկորչենք և մնանք Քո հովանու ներքո։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 47-49, Ա Թեսաղոնիկեցիներին 4