Փիլիպպեցիներին 3․1-14 Ուրբաթ | Հոկտեմբեր 17
Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Փիլ․ 3․8
ՃԱՆԱՉԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Բրիտանացի հաշմանդամ մարզուհի Քարե Ադենեգանը բազմաթիվ մեդալներ էր նվաճել միջազգային մրցումներում, այդ թվում՝ Պարալիմպիկ խաղերում։ Սակայն իր իսկական բավարարվածությունը նա գտնում էր ոչ թե նվաճած մրցանակների քանակի, այլ՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Երիտասարդ տարիքում նա երազում էր մարզական հաջողությունների մասին, բայց հետագայում հասկացավ, որ այդ հաղթանակները երբեք չեն կարող լիովին բավարարել։ «Նվաճումների ձգտումն անսահման պայքար է, որը մշտապես ուղեկցվում է պարտության վախով,- կիսվում է Քարեն,- ինչի էլ որ հասնենք, դա միշտ քիչ կթվա, քանի որ իրական ուրախությունը կարող է տալ միայն Հիսուսը»։
Քարեն իր կյանքի գլխավոր առաջնահերթությունը համարում էր Պողոս Առաքյալի խոսքերը. «Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ» (Փիլ․ 3․8)։ Մինչ Հիսուսին հավատալը Պողոսը հարգված կրոնական գործիչ էր․ «Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի»,– գրում է նա իր մասին (հ. 5)։ Սակայն ճանաչելով Քրիստոսին՝ Պողոսը հասկացավ, որ այս ամենը ոչինչ է և իր կյանքի նպատակը դարձավ՝ «Նրան ճանաչելը, Նրա հարության զորությունը և Նրա չարչարանքներին մասնակցելը» (հ. 10)։
Քրիստոսին ճանաչելն առաջնահերթ նշանակություն ուներ նաև Քարեի համար։ 2021 թվականին նվաճելով երկու արծաթե մեդալ Պարալիմպիկ խաղերում՝ նա ասաց, որ իր ամենամեծ նվաճումը «նորից Հիսուսին սիրելն է»։
Աստծո օգնությամբ մենք նույնպես կարող ենք հրաժարվել մեր անձնական ձեռքբերումներից, քանի որ Տերն ամեն ինչից թանկ է։
Ինչպե՞ս կարող է Պողոսի կյանքն ու ընտրությունները ոգեշնչել մեզ վերարժևորելու մեր առաջնահերթությունները։ Ի՞նչ քայլեր կարող ենք անել այսօր, որպեսզի մեր ուշադրությունն ավելի շատ ուղղվի Քրիստոսին ճանաչելուն և Նրա հետ կապի ամրապնդմանը։
Աղոթք – Տե՛ր, Դու մեռար ինձ համար, որպեսզի ես հավիտենական կյանք ունենամ։ Օգնի՛ր ինձ անմնացորդ սիրով Քեզ սիրել։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 50-52, Ա Թեսաղոնիկեցիներին 5