.
2025թ., Հոկտեմբերի 18

Բ Մնացորդաց 20․1-18                                                                 Շաբաթ   |   Հոկտեմբեր 18

 

Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ 

Բ Մնաց․ 20․18

 

ԽՈՆԱՐՀՎԱԾ՝ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ

 

Ջիմին տարիներ շարունակ տանջող քրոնիկ հիվանդությունն ի վերջո խոր ազդեցություն թողեց։ Նա սիրում էր առավոտներն Աստծո հետ անցկացնել՝ աղոթելով և Սուրբ Գրքի շուրջ խորհելով, սակայն այժմ չէր կարող նստել աթոռին այնպես, որ ցավ չզգար։ Ջիմը փորձեց տարբեր դիրքեր, բայց ցավը չէր մեղմանում։ Վերջապես, հուսահատված, նա ծնկի իջավ։ Եվ հանկարծակի տանջալից ցավը մեղմացավ։ Այդ պահից սկսած՝ Ջիմն ամեն առավոտ ծնկի էր իջնում՝ զգալով և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական թեթևություն։

Հուդայի թագավոր Հովսափատը նույնպես հայտնվեց դժվարին իրավիճակում, բայց ոչ թե հիվանդության, այլ թշնամու ներխուժման պատճառով (Բ Մնաց․ 20․1-2): Վախենալով՝ նա «երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում» (հ․ 3): Ժողովուրդը հավաքվեց Երուսաղեմում՝ «Տիրոջից օգնություն խնդրելու» (հ․ 4): Աստված լսեց նրանց աղոթքները և ղևտացի Հազիելի միջոցով մխիթարական լուր փոխանցեց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք... Տերը ձեզ հետ կլինի» (հ․15, 17): Լսելով սա՝ «Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը» (հ․ 18):

Դժվար պահերին մենք կարող ենք յուրահատուկ կերպով զգալ Աստծո ներկայությունը։ Այդ պահին Նա սովորեցնում է մեզ խոնարհվել Իր կամքի առաջ, ծնկի գալ հոգով և ներսից խաղաղություն ու մխիթարություն ընդունել Իրենից։

 

Ինչպե՞ս է Տերը պատասխանում մեր աղոթքներին այն պահին, երբ կարծես հույս չկա։ Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջից այն ժամանակ, երբ խոնարհվում ենք Նրա կամքի առաջ։

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ երբ դիմում եմ Քեզ աղոթքով, Դու լսում ես, ընդունում իմ աղոթքները և մխիթարում ինձ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 53-55, Բ Թեսաղոնիկեցիներին 1