.
Սուրբ Ծնունդը ՀԱԵ տարբեր համայնքներում

«Այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որը Քրիստոս Տերն է... » (Ղուկաս 2.11)

21 դար առաջ Բեթլեհեմի արոտավայրերում ոչխարներին արածեցնող հովիվների համար հրեշտակների կողմից հնչեցված ավետիսն այսօր ողջ քրիստոնյա աշխարհի կողմից է հնչեցվում:

Սուրբ Ծնունդը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում նշվում է հատուկ խանդավառությամբ: Դեկտեմբերից սկսած՝ Օրվա խորհուրդը մանուկներին ու պատաներին է հասցվում տոնական միջոցառումների ու նվերների միջոցով: 2018թ.-ի վերջից մինչև 2019-ի հունվարի կեսը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանի և Արցախի  45 բնակավայրերում կազմակերպեցին Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված 72 միջոցառում, որոնց մասնակցեցին 10.000-ից ավելի երեխաներ՝ ստանալով ոչ միայն Բարի Լուրը, այլև հատուկ Սուրբ Ծննդյան միջոցառումների համար նախապես պատրաստված նվերները:

Դեկտեմբերի 22-ին  և  23-ին  Ստեփանավանի  ՀԱԵ-ում  420-ից ավելի  մանուկ  և  պատանի  քաղաքից և շրջակա  գյուղերից  լսեցին Հիսուս  Քրիստոսի  Ծննդյան ավետիսը՝  բեմականացման միջոցով։ «Հյուրանոցի  խորհրդավոր  գիշերը». այսպես  էր վերնագրված  պատմությունը, որի հերոսուհին՝ մի որբ և կույր աղջիկ, վերագտնում է իր տեսողությունը, երբ Սուրբ Ծննդյան գիշերն իր քնելու տեղը՝ գոմը, զիջում է Մարիամին ու Հովսեփին: Հիսուսի Ծննդյան գիշերն իսկական սիրո, համերաշխության և հրաշքների գիշեր է դառնում:

Ամանորից առաջ Քրիստոսի Սուրբ Ծննդյան Բարի Լուրը լսեցին նաև Արցախի երեխաները: ՀԱԵ-ն Արցախի 3 քաղաքներում և 4 գյուղերում (Ստեփանակերտ, Շուշի, Ասկրան, Խերխան, Կիչան, Վազգենաշեն, Դահրավ) Սուրբ Ծննդյան 10 միջոցառում իրականացրեց: 770 երեխա նվերներ ստացավ: Միջոցառումներին ներկա էին նաև երեխաների ծնողները, գյուղապետեր և այլ հյուրեր: 

Աբովյանի երեխաների համար Բարի Լուրը բացահայտվեց հունվարի 5-ին՝ փոքրիկ Լիլիթիկի կամակորության արդյունքում: Ներկայացման հերոսուհին, ով փորձում էր ամեն գնով ազատվել ծնողների թելադրած կարգ ու կանոնից, հայտնվում է իր երազած իրավիճակում ու հասկանում, որ առանց կարգ ու կանոնի ամեն բան քաոսի է վերածվում: Այդ քաոսից նրան օգնում են ազատվել արևը, լուսինը, աստղերն ու բնությունը, ովքեր պատմում են երկրի Արարչի ու Նրա հետ հաշտվելու միակ ճանապարհի՝ Հիսուսի Քրիստոսի մասին:

Երեւանում՝ Բաղրամյան 18-ում, ՀԱԵ և ԱՀԱԸ  «Հայասա» թատերախումբը հունվարի 9-ին և 10-ին լեփ-լեցուն դահլիճում հավաքված 2300 մանուկների ու նրանց ծնողների համար յոթ անգամ ներկայացրեց «Ճանապարհ դեպի տուն» բեմադրությունը: Ներկայացման ավարտին երեխաները հասկացան, որ եթե սիրով լցվեն շրջապատի մարդկանց հանդեպ, մտածեն ուրիշների մասին, օգնեն կարոտյալներին և հավատան սուրբծննդյան հրաշքին, կգտնեն երկնային տան ճանապարհը:

Գյումրու ՀԱԵ-ն  հունվարի 11-ին և 12-ին շուրջ 1800 հանդիսատեսի համար 6 անգամ ներկայացրեց «Խավար Քաղաքի Լույսը» գունավոր ներկայացումը, որի խորհուրդը Քրիստոսի Փրկարար լույսով լուսավորվելն էր:

Հունվարի 11-ին և 12-ին Արմավիրի Մշակույթի տանը ավելի քան 700 արմավիրցիներ դիտեցին Չարլզ Դիքենսի Սուրբ Ծննդյան երգը պատմվածքի հիման վրա գրված համանուն պիեսի բեմադրությունը, որը ամբողջությամբ պատրաստել էր Արմավիրի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, իսկ 440 մանուկներ ներկայացման վերջում ստացան հատուկ իրենց համար պատրաստված նվերներով լի տուփեր:

Նախորդ
...
X