Հովնան 4․5-11 Երկուշաբթի | Հոկտեմբեր 20
Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար… Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին»։ Հով․ 4․10-11
ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՄԵԾ՝ ՀՈԳ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ինչպե՞ս կարող է Աստված այսքան մարդկանց մասին հոգ տանել։ Այդ միտքը ծնվեց իմ մեջ այն պահին, երբ դուրս եկա գնացքից՝ հազարավոր կիլոմետր հեռու գտնվող, մարդկանցով լեցուն կայարանում։ Դեռահաս տարիքում, առաջին անգամ արտասահմանում ապրելով, ես ցնցված էի շրջապատող աշխարհի անսահմանությունից։ Ես ինձ աննշան փոշեհատիկ էի զգում ու տարակուսում, թե ինչպես է Աստված կարողանում սիրել այսքան շատ մարդկանց։
Աստծո կատարյալ սիրո լայնությունն ու խորությունն իսկապես անչափելի են։ Հովնան մարգարեն, որի մասին կարդում ենք Աստվածաշնչում, նույնպես դժվարանում էր հասկանալ այն։ Երբ նա հնազանդվեց Աստծո հրամանին՝ ապաշխարություն քարոզելու Ասորեստանի դաժան մայրաքաղաք Նինվեում, միևնույն ժամանակ չէր ցանկանում, որ Աստված խնայեր այդ քաղաքը։ Սակայն նինվեացիները զղջացին, և երբ Աստված չոչնչացրեց նրանց, «Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ» (Հով. 4.1)։ Այդ ժամանակ Տերը Հովնանին տվեց մի բույս, որն արագ աճեց՝ ապահովելով նրան ապաստարան արևից, սակայն հետո այդ բույսը չորացրեց։ Մարգարեն էլ ավելի վշտացավ, և Աստված ասաց նրան․ «Դու ափսոսում ես դդմենու համար… Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան…» (հ․ 10-11)։
Աստված այնքան մեծ է, որ կարող է հոգատարություն ցուցաբերել անգամ նրանց հանդեպ, ովքեր հեռու են Նրանից։ Նրա սերը ձգվում է մինչև խաչը և Քրիստոսի դատարկ գերեզմանը՝ բավարարելով մեր ամենամեծ կարիքը: Նրա մեծությունը դրսևորվում է բարության մեջ, և Նա ցանկանում է մեզ ավելի մոտեցնել Իրեն:
Ի՞նչ զգացողություններ ենք ունենում, երբ հիշում ենք մեր հանդեպ Աստծո խնամքի մասին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ եկար՝ փրկելու ինձ։ Օգնի՛ր նաև սիրել ուրիշներին այնպես, ինչպես Դու ես սիրում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 59-61, Բ Թեսաղոնիկեցիներին 3