.
2025թ., Հոկտեմբերի 21

Մարկոս 4․35-41                                                                          Երեքշաբթի   |   Հոկտեմբեր 21

 

«Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։ Մարկ․ 4․40

 

ՀԱՎԱՏ ՓՈԹՈՐԿԻ ՄԵՋ

 

Իմ զարմուհին երեք տարեկանում սկսել էր գիտակցել, որ կարող է վստահել Քրիստոսին ցանկացած իրավիճակում: Մի անգամ, ամպրոպի ժամանակ, նա ձեռքերը խաչեց, փակեց աչքերը և ասաց. «Սիրելի՛ Հիսուս, գիտեմ, որ Դու այստեղ ես: Գիտեմ, որ Դու սիրում ես մեզ: Նաև գիտեմ, որ եթե Դու խոսես, փոթորիկը կանցնի»:

Հավանաբար, նա վերջերս լսել էր Հիսուսի և նրա աշակերտների պատմությունը, ովքեր նավարկում էին Գեննեսարեթ լճում։ Հիսուսը քնած էր, և հանկարծ ուժեղ փոթորիկ սկսվեց։ Աշակերտները հուսահատված արթնացրին նրան՝ ասելով. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ Հիսուսը վեր կացավ, սաստեց քամուն և ասաց ծովին. «Լռի՛ր, հանդարտվի՛ր» (Մարկ․ ​​4․38-39):

Ալիքներն անմիջապես հանդարտվեցին, քամին դադարեց։ Եվ այդ ժամանակ, լռության մեջ, Հիսուսը նայեց աշակերտներին և ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք» (հ․ 40): Կարելի է մի պահ պատկերացնել, թե ինչպես էին նրանք նայում Հիսուսին՝ լայն բացված աչքերով, ջուրը հոսում էր նրանց դեմքերից և կաթում մորուքներից։

Եթե ​​միայն կարողանայինք այսօր ապրել այդ նույն երկյուղածությամբ, որը զգում էին աշակերտներն այն ժամանակ։ Եթե միայն կարողանայինք յուրաքանչյուր խնդրի նայել Քրիստոսի իշխանության և զորության գիտակցությամբ։ Գուցե այդ դեպքում մանկանը հատուկ մեր անմեղ հավատքը կվաներ բոլոր վախերը և մենք չէինք կասկածի, որ մեր առջև ծառացած յուրաքանչյուր փոթորիկ գտնվում է Նրա լիակատար վերահսկողության տակ։

 

Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր հավատին։ Ինչպե՞ս կարող ենք վերստին արթնացնել մեր երկյուղը Քրիստոսի հանդեպ։

 

Աղոթք – Տե՛ր, զորացրու՛ իմ հավատքը։ Օգնի՛ր ինձ միշտ հիշել և զգալ Քո անսահման զորությունն ու ներկայությունը։ Ամեն:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 62-64, Ա Տիմոթեոսին 1