.
2025թ., Հոկտեմբերի 22

Սաղմոսներ 23․1-6                                                                   Չորեքշաբթի   |   Հոկտեմբեր 22

 

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Սաղմ․ 23․4

 

ՄԱՀՎԱՆ ՍՏՎԵՐԻ ՁՈՐՈՒՄ

 

Էմմիի որդին ընդամենը քսանմեկ տարեկան էր, երբ մահացավ քաղցկեղից։ Նրա համար դա անասելի ծանր փորձություն էր։ Բայց նույնիսկ իր կյանքի վերջին օրերին նա ականատես եղավ Աստծո ողորմածության բազմաթիվ դրսևորումների։ Ջեյմսը մահացավ տանը՝ սիրելիներով շրջապատված։  Այդ օրերին նրանց կողքին էր նաև եկեղեցու ծառայակից բուժքույրը, ով Էմմիին աջակցում էր ոչ միայն որպես բուժաշխատող, այլև որպես մայր և քրիստոնյա քույր։ Ջեյմսը մահացավ՝ գիտակցելով, որ հավիտենությունը կանցկացնի Հիսուսի հետ։ Նույնիսկ ամենամռայլ օրերին Աստված նրանց մխիթաում էր։

Դավթի ամենահայտնի Սաղմոս 23-ի առաջին հատվածը ներկայացնում է կյանքի մի խաղաղ հովվական տեսարան,  որտեղ Տերը հոգ է տանում նրա մասին՝ թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես: «Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ… Նա վերանորոգում է իմ հոգին», - ասում է սաղմոսերգուն (Սաղմ․ 23․1-3): Սակայն նման կյանքն էլ զերծ չէ փորձություններից, Դավիթը հիշում է նաև «մահվան ստվերի ձորը» (հ․ 4)՝ ճանապարհի այն մութ ու տագնապալի շրջանը, որտեղ մարդու հավատքն է փորձվում։

Երբ մեր սիրելին խաղաղությամբ ու իր ժամանակին հեռանա այս աշխարհից, կամ մահը ներխուժի հանկարծակի՝ որպես դաժան գող, մենք կարող ենք վստահությամբ ասել Աստծուն. «Դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ» (հ․4)։ Թեև մահը վախ է ներշնչում, սակայն այն վերջը չէ։ Մենք կհասնենք «Տիրոջ տուն» և կապրենք Նրա հետ հավիտյան (հ․ 6)։

 

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մեզ դժվար ու խավար պահերին։

Այսօր կյանքի ո՞ր ոլորտում ենք հատկապես զգում Նրա մխիթարության և զորակցության անհրաժեշտությունը։

 

Աղոթք – Տե՛ր, մեր Հովիվ և ուղեկից, առաջնորդի՛ր և մխիթարի՛ր մեզ ամեն ժամանակ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 65-66, Ա Տիմոթեոսին 2