.
2025թ., Հոկտեմբերի 24

Հռոմեացիներին 9․20-25                                                                  Ուրբաթ   |   Հոկտեմբեր 24

 

․․․մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ Հռոմ․ 9․20

 

ԻՆՉՈՒ՞ 

 

Հաշմանդամության սայլակին գամված Ջոնի Էրիքսոն Թադան հաճախ էր հիշում այն ​​դժբախտ պատահարը, որը նրան հաշմանդամ դարձրեց սուզվելու ժամանակ։ Մտածմունքները տանջում էին նրան. արդյո՞ք այդ պահին Աստված չհոգաց իր մասին, թե՞ սատանան էր կանգնած նման ողբերգության հետևում։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ։

Եվ այդ ժամանակ Ջոնիի մտքերն ուղղվեցին դեպի խաչ. «Եթե Հիսուսն այնքան սիրեց ինձ, որ մեռավ ինձ համար,  ուրեմն կարող եմ վստահորեն ընդունել այն ամենը, ինչ Նա անում է իմ կյանքում»։

«Ինչո՞ւ» հարցի պատասխանը երբեք չտրվեց։ Սակայն, վստահ լինելով Աստծո սիրո և իմաստության մեջ, Ջոնին հանգեց միակ հնարավոր եզրակացությանը. «Ես ուրիշ ելք չունեի, միայն աղոթել. «Տե՛ր, Դու բրուտն ես, ես՝ կավը։ Եթե ես պետք է գամված մնամ այս անվասայլակին, ապա դարձրու՛ ինձ պատվավոր անոթ, սովորեցրու՛ հաճելի լինել Քեզ» (Հռոմեացիներին 9․20-21)։

Ջոնիի աղոթքը բխում էր Պողոս առաքյալի պատասխանից այն հարցերին, որոնք մենք տալիս ենք Աստծուն, երբ կյանքը թվում է անարդար. «Մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր» (հ․ 20):

Մենք բոլորս ցանկանում ենք պատասխաններ գտնել մեր «Ինչո՞ւ»-ներին, սակայն Պողոսը մեզ առաջարկում է մտածել այն մասին, թե ինչպես կարող է Աստված ցույց տալ «Իր փառքի մեծությունը» (հ. 23)։ ​​«Ամեն անգամ, երբ ես վստահում եմ Աստծուն իմ հիասթափությունների մեջ, Նա ցույց է տալիս Իր փառքը», - ասում է Ջոնին։

Մենք գիտենք, որ երկնային Բրուտի հզոր ձեռքերը շարունակում են աշխատել մեզ վրա։ Նա Իր միածին Որդուն տվեց մեզ համար՝ այդպիսով ապացուցելով, որ Իր սիրուն և իմաստությանը միշտ կարելի է վստահել։

 

Ի՞նչ հարցեր ենք մենք տալիս Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք մեր հիասթափություններն ու տրտմությունները վստահել Նրա մեծագույն նպատակներին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, չգիտեմ, թե ինչու է ամեն ինչ այսպես ընթանում, բայց ամբողջ սրտով վստահում եմ Քեզ։ Կրկին հանձնում եմ իմ կյանքի կավը Քո հավատարիմ և սիրառատ ձեռքերի մեջ՝ խնդրելով, որ Դու ձևավորես այն՝ ըստ Քո իմաստության և սիրո։ Ամեն:


Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 3-5, Ա Տիմոթեոսին 4