Հոկտեմբերի 18-ին, Ալավերդու ՀԱԵ-ում տեղի ունեցավ հանդիպում Իջևանի և Ալավերդու երիտասարդների միջև։ Նրանք միավորվել էին երկու նպատակի շուրջ. բացահայտել Լոռու հրաշքներից մեկը՝ Քոբայրի վանքը, և միասնական հոգևոր պաշտամունք ունենալ Ալավերդու ՀԱԵ-ում։ Հանդիպման խորագիրն էր՝ «Ո՞վ է իմ ընկերը», որի շուրջ էլ ձևավորվեց ամբողջ օրվա հոգին՝ սիրո, ընկերության և փոխօգնության գաղափարներով։
ՀԱԵ երկու եկեղեցու համագործակցությամբ ծրագիրը լեցուն էր՝ փառաբանության երգերով, ծանոթության խաղով և ինտելեկտուալ մրցույթով։ Օրը մեկնարկեց վաղ առավոտյան արշավով՝ լեռնային թարմ օդի, զվարթ տրամադրության և ընկերական զրույցների ուղեկցությամբ։ Ճանապարհին երիտասարդները վայելեցին գեղատեսիլ բնությունն ու անտառային շշուկները։ Քոբայր հասնելուն պես՝ նրանց դիմավորեց վանքի հին պատերի լռությունը, որը կարծես պահպանում էր դարերի մեջ պահպանված հավատքը՝ զետեղված որմնանկարներում։ Ընկերական ջերմությամբ, երգով ու անկեղծ ժպիտներով քայլարշավը դարձավ ոչ միայն բնության գրկում հանգստանալու, այլև հոգևոր վերելքի, նոր ծանոթությունների ու ոգեշնչող փորձառության հնարավորություն։ Վանքի տարածքում նաև տրվեց փոքրիկ պատմական ակնարկ տեղանքի և վանական համալիրի մասին։
Վերադարձից հետո ճաշկերույթի, ազատ շփման և հաղորդակցության պահ էր։ Օրվա մյուս հատվածը նվիրված էր պաշտամունքին, որին միացավ նաև ՀԱԵ Ալավերդու պատանյաց խումբը։ Փառաբանության մի քանի երգերից հետո Ալավերդու ՀԱԵ հոգևոր հովիվ պատվելի Խաչիկ Նազարյանը ներկաների հետ բաժնեկցեց Աստծո Խոսքով՝ Բարի Սամարացու առակի շուրջ։ Առակի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան խորհելու և իրենց դիտարկելու տարբեր տեսանկյուններից՝ օրենսգետի, ավազակների, քահանայի, ղևտացու, սամարացու և իջևանատիրոջ գործողություններում։ Նրանք սովորեցին կարեկցանքի, փոխօգնության և սիրո կարևորությունը։ Պատգամից հետո աղոթքի պահ էր՝ ինքնաքննությամբ Աստծո առաջ կանգնելու հնարավորությամբ։
Օրն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում։ Հույս ունենք, որ այս երիտասարդները կկարևորեն սիրո գաղափարը՝ թե՛ Աստծո, թե՛ ընկերոջ և թե՛ հայրենիքի նկատմամբ։
Ալինա Դեմուրյան
ՀԱԵ Ալավերդու ծառայող,
երիտասարդական խմբի
պատասխանատու