.
2025թ., Հոկտեմբերի 26

Գործք Առաքելոց 16․16-24                                                              Կիրակի   |   Հոկտեմբեր 26

 

 

Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ Գործք 16․18

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

 

Մանուելը շտապում էր եկեղեցի, սակայն ստիպված էր կանգնել լուսացույցի մոտ։ Մինչ նա անհանգիստ սպասում էր, նրա դուստրը նկատեց մի կնոջ, ով փորձում էր փոխել իր մեքենայի անվադողը։ «Հայրի՛կ, դու շատ լավ ես անվադողեր փոխելու մեջ, - ասաց նա,- արի՛ օգնենք նրան»։ Թեև Մանուելը գիտեր, որ կուշանա ծառայությունից, նաև գիտեր Աստծո առաջնորդության և բոլոր պարագաներում ուրիշներին ծառայելու մասին։ Նա կանգնեցրեց մեքենան, օգնեց կնոջը, ապա հրավիրեց նրան եկեղեցի։

Գործք Առաքելոց գրքում պատմվում է, թե ինչպես Պողոսն ու Շիղան հանդիպեցին անսպասելի խոչընդոտի։ Մի աղախին, ով բռնված էր գուշակության ոգով, հետևում էր նրանց՝ բարձրաձայն աղաղակելով (Գործք 16․17): Սկզբում Պողոսը չէր արձագանքում նրան։ Բայց ի վերջո նա հոգնեց դրանից, շրջվեց և ասաց ոգուն. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել» (հ․ 18):

Պողոսն իր ծառայության ընթացքում հաճախ էր հայտնվում դժվարությունների մեջ։ Այդպես եղավ նաև այս անգամ։ Երբ նա ազատ արձակեց աղախնին, ամեն ինչ ավելի բարդացավ։ Նրա տերերը կորցրին իրենց եկամուտը (հ. 19)։ Նրանք «Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ» (հ․ 19)։ Այնտեղ նրանց ծեծեցին և առանց դատի բանտարկեցին (հ․ 22-24)։

Քրիստոսին ծառայելը մեծ գին ունի։ Հիսուսն Իր աշակերտներին ասաց վերցնել իրենց խաչը և հետևել Իրեն (Մատթ․ 10․38): Սա է Տիրոջ ճանապարհը. մեզ կխանգարեն, և երբեմն նաև կտառապենք։ Սակայն Հիսուսը կոչ է անում մեզ ընդունել այս ամենը որպես Աստծուց պարգև։ 

 

Ինչպե՞ս ենք արձագանքում մեր ճանապարհին հանդիպող խոչընդոտներին։ Այդ իրավիճակներում ինչպե՞ս կարող ենք բացել մեր սրտերը, որպեսզի Աստված գործի մեր միջոցով։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ տեսնել, թե ինչպես ես օգտագործում խոչընդոտները՝ հնարավորություն ստեղծելով ծառայել ուրիշներին։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 9-11, Ա Տիմոթեոսին 6