.
2025թ., Հոկտեմբերի 27

Ծնունդ 1․26-2․3                                                                        Երկուշաբթի   |   Հոկտեմբեր 27

 

 

Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։ Ծնունդ 2․2

 

ՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Երբ Էլեյն Սթորքին ղեկավարում էր Լոնդոնի ժամանակակից քրիստոնեության ինստիտուտը, նրա ուսերին դրված էր պատասխանատվություն, որը շատ ավելի էր, քան պարզապես կառույցը կառավարելը։ Մի օր նրան այցելեց բարեգործական կազմակերպության նախագահը և այցելության ընթացքում նրան մի հարց տվեց, որը Էլեյնին անակնկալի բերեց. «Որքանո՞վ է հաջողվում ազատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ համար»։ Էլեյնն անկեղծացավ, որ գրեթե չի հասցնում։ Այդ ժամանակ հյուրն ասաց. «Հանգիստն աստվածաշնչյան կենսակերպի մաս է»։ Ապա գրպանից հանեց թատրոնի հինգ տոմս ամբողջ ընտանիքի համար և նվիրեց նրան։ Հետագայում Էլեյնը սկսեց կարևորել հանգստի նշանակությունը՝ հիմվելով Ծննդոց գրքի վրա, որտեղ պատմվում է, թե ինչպես Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, մարդուն՝ Իր պատկերով ու նմանությամբ, և տեսավ, որ «շատ բարի էր» (Ծնունդ 1․31)։ Եվ ապա «Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից» (Ծնունդ 2․2)։ Այդ օրն Աստված «օրհնեց և սրբագործեց այն» (հ․ 3)։

Այս մասին խորհելով՝ Էլեյնը մեկնաբանում է. «Հանգիստն Աստծո արարչագործական ծրագրի մի մասն էր: Այն Աստծո պարգևն է. ժամանակ, երբ մենք վայելում ենք հանգստությունը և վերականգնվում»։ Աստծո պատկերով ստեղծված լինելով՝ մենք պետք է ժամանակ առ ժամանակ հանգստանանք աշխատանքից՝ լինի դա վարձատրվող, թե կամավոր։  Եկե՛ք տարբեր ձևերով և տարբեր ժամանակներում ձգտենք ստանալ այն օրհնությունը, որի համար Աստված սրբագործել է յոթերորդ օրը (հ․  3):

 

Մեր առօրյայում ժամանակ հատկացնու՞մ ենք հանգստին։ Արդյո՞ք դա մեզ ուրախություն և թարմություն է պարգևում:

 

Աղոթք – Արարի՛չ Աստված, շնորհակալ ենք, որ մեզ օրինակ ցույց տվեցիր՝ հանգստանալով աշխարհի ստեղծումից հետո։ Օգնի՛ր Քեզ նմանվել ամեն իրադրության մեջ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 12-14, Բ Տիմոթեոսին 1