Եզեկիել 34․11-16 Հինգշաբթի | Հոկտեմբեր 30
«Կորածին որոնելու եմ․․․»։ Եզեկ․ 34․16
ԱՍՏՎԱԾ ԳՏԱՎ ԻՆՁ
Ուկրաինացի զինվոր Կիրիլը կուչ էր եկել խրամատում։ Հողը դողում էր պայթյուններից։ Բայց հետո լռություն տիրեց։ Կիրիլը գրպանից հանեց Աստվածաշունչը և շարունակեց կարդալ այն։ «Երբ ես կարդում եմ այդ գիրքը, կարծես ներսից տաքանում եմ, - կիսվում է նա,- կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել։ Ես իմացա Աստծո մասին հիսունյոթ տարեկանում։ Նա եկավ այստեղ՝ խրամատ, պատերազմի սարսափի մեջ, որպեսզի գտնի ինձ»։
Սա Աստծո կողմից կորածներին փնտրելու հստակ պատկերն է։ Եզեկիելի միջոցով Նա ասաց. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին…» (Եզեկ. 34.11): Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդն աքսորված էր Բաբելոնում։ Հեռավոր երկրում, շրջապատված օտար աստվածներով ու սովորույթներով՝ կյանքն անհույս էր թվում։ Բայց Աստված խոստացավ. «…պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը» (h. 12):
Այսօր էլ Նրա վերաբերմունքը նույնն է։ «Ես եմ հովվելու իմ ոչխարներին... Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ», - ասում է Տերը (հ․ 15-16): Նրա բնույթը չի փոխվել։ Մեր Հովիվը ցանկանում է փրկել մեզ և վերադարձնել կյանքի ամենավատ վայրերից։ Անկախ մեր կյանքի հանգամանքներից և գտնվելու վայրից՝ Աստված պատրաստ է գալ մեզ մոտ։
Ի՞նչն է խոչընդոտում մեզ հավատալ, որ Աստված հոգ է տանում մեր մասին դժվարին իրավիճակներում։ Աստծո հավատարմության ո՞ր խոստումն է մեզ առավել հույս և զորություն տալիս։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ փնտրեցիր և գտար ինձ։ Դու կողքիս ես նույնիսկ իմ ամենամութ օրերին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 20-21, Բ Տիմոթեոսին 4