2025 թ. հոկտեմբերի 23-ից 25-ը Հանքավանում կայացած սեմինարը ոչ միայն հիշեցրեց Քրիստոսի կարևոր հանձնարարությունը՝ գնալ և բոլոր ազգերին սովորեցնել, այլև մոտիվացրեց՝ սպառազինելով և մեթոդներ սովորեցնելով, թե ինչպես կարելի է սկսել խոսել կյանքի ծագման, նպատակի ու իմաստի մասին:
Սեմինարի նպատակն էր խանդավառել ՀԱԵ հովիվներին ու ծառայողներին, որ պաստեն եկեղեցու ներքին ու արտաքին աճին, ինչպես նաև ներդրում ունենան աշակերտության և ծառայության ոլորտներում։
Հավատքի փոխանցման գաղափարն այս հանդիպման առանցքն էր։ Սեմինարի մասնակիցները միասին ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է հետևողականորեն կիրառել աստվածաշնչյան ուսուցումը համայնքային կյանքում՝ հավատացյալների նոր սերունդ ձևավորելու համար։
«Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել»: Բ Տիմոթեոս 2․2
Դասընթացի խոսնակը՝ Ֆրիդոլին Յանզենը, նաև փոքր խմբերում ավետարանչության համար 15 թեմայից բաղկացած դասաշարի հեղինակն է: 1978 թ.-ից Բրազիլիայում ապրող ու ծառայող Յանզենը սեմինարի մասնակիցների հետ ոչ միայն կիսվեց միսիոներության ու փոքր խմբերում Աստծո Խոսքի սերտողության իր հարուստ փորձով, այլև մանրամասն ներկայացրեց ձեռնարկն ու այն կիրառելու մեթոդները: Իսկ Գերմանիայում ծառայող հովիվ Անդրեաս Զիմենսը վկայեց, թե որքան արդյունավետ է դասընթացի առաջարկած մեթոդները, որի պտուղներն արդեն երկար տարիներ վայելում է իր ծառայության ընթացքում։
Սեմինարը բաղկացած էր 9 հանդիպումից, որոնց ընթացքում մասնակիցները սերտեցին Աստծո Խոսքը, անդրադարձան աշակերտության և գործնական ծառայության թեմաներին։ Բացի տեսական դասընթացներից, կային նաև միասնական պաշտամունքի, փոխադարձ վկայությունների և աղոթքի առիթներ։
Սեմինարը յուրահատուկ հիշեցում էր այն մասին, որ աշակերտություն նշանակում է ոչ միայն սովորել, այլ նաև ուրիշներին սովորեցնել Քրիստոսի սիրով։