.
2025թ., Նոյեմբերի 1

Ա Հովհաննես 4․15-19                                                                             Շաբաթ   |   Նոյեմբեր 1

 

 

Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Ա Հովհ․ 4․18

 

ՍԵ՞Ր, ԹԵ՞ ՎԱԽ

 

Քեյթիին ամեն օր տանջում էին այն մտքերը, որ ինքը վատ քրիստոնյա է և կարող է վնասել իր շրջապատին։ Անկախ նրանից, որ փորձում էր ինքն իրեն հակառակը համոզել, այնուամենայնիվ, նա չէր կարողանում ազատվել մշտական մտահոգությունից  վախենում էր, որ առանց գիտակցելու կարող է ցավ պատճառել նրանց, ում սիրում է։

Նա անընդհատ ստուգում էր՝ արդյո՞ք դուռը կողպել է, անջատե՞լ է գազը կամ արդուկը։ Այս ամենից հետո նրա մոտ ախտորոշվեց «կպչուն-սևեռուն խանգարում» (ԿՍԽ) և սկսվեց երկարատև բուժման ընթացքը:

Այսօր Քեյթին օգնում է նման խնդրով մարդկանց տարբերակել հիվանդությունը հավատից։ Օրինակ՝ նրանց, ովքեր աղոթում են օրական հիսուն անգամ, Քեյթին հարցնում է․ «Դուք աղոթում եք, որովհետև սիրու՞մ եք Աստծուն, թե՞ ձեզ ուղղորդում է վախն ու պարտքի զգացումը»։ Նման օրինակով՝ մեզ նույնպես օգտակար է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք առաջնորդվում հավատքի հարցերում՝ սիրո՞վ, թե՞ անհանգստությամբ և մտահոգությամբ։

Հովհաննես առաքյալի խոսքերը վստահեցնում են անհանգիստ քրիստոնյաներին, որ նրանք վախենալու կարիք չունեն։ «… մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ», - գրում է նա (Ա Հովհ․ 4․16): Սա օգնում է մեզ հաղթահարել վախը, քանի որ «կատարյալ սերը հեռացնում է վախը» (հ․ 18): Աստված բռնակալ չէ, Ով սպասում է, որ մենք սխալվենք, որպեսզի կարողանա Իր բարկությունը թափել մեզ վրա: Նրա սերը ազատում է վախից և հանգիստ է պարգևում մեր հոգիներին Նրա բարի ներկայության մեջ։

 

Խորհե՛նք մեր ծառայության, աղոթքի և նվիրատվությունների մասին․ արդյո՞ք դրանք բխում են մեր սիրով լցված սրտից, թե՞ երբեմն վախն ու անհանգստությունն են թելադրում մեր գործողությունները։

 

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, լցրո՛ւ մեր սրտերը Քո խաղաղությամբ։ Օգնի՛ր մեզ հանգստանալ Քո սիրո մեջ և վստահությամբ ապրել՝ մեր հույսը դնելով Քեզ վրա։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 24-26, Տիտոսին 2