Եփեսացիներին 2․4-10 Երկուշաբթի | Նոյեմբեր 3
Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար․․․: Եփես․ 2․10
ՏԻՐՈՋ ԳՈՐԾԵՐԸ
«Կանգնի՛ր», - հրամայեց Ռասելը սպանիել ցեղատեսակի իր որսորդական շանը՝ Մաքսին, որպեսզի թողնի ուսումնական մանեկենը, ապա գնաց և ինքը վերցրեց այն։ Շունը դողաց հուզմունքից և ոռնաց հիասթափությունից՝ կարծես ասելով. «Ես ինքս եմ ուզում տանել որսը։ Ես ստեղծված եմ դրա համար։ Սա իմ կոչումն է և իմ բնույթը»։
Ռասելը դաժան չէր։ «Մաքսը պետք է հասկանար, որ ես իր տերն եմ։ Որսորդությունն իրավունք չէ, այլ՝ արտոնություն», - բացատրում է նա։ Ժամանակի ընթացքում Մաքսը սովորեց հարգել իր տիրոջը և դարձավ որսորդական հրաշալի շուն։
Լինում են ժամանակներ, երբ մենք նույնպես նմանատիպ հիասթափություններ ենք ապրում։ Մենք ունենք բոլոր տաղանդներն ու խանդավառությունները: «Ինչո՞ւ Աստված չի տալիս ինձ հնարավորություն օգտագործելու իմ կարողությունները», – հաճախ մտածում ենք մենք։ Պողոս առաքյալը բացատրում է. «Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (Եփես․ 2․10)։ Մենք պատկանում ենք Աստծուն, և Նա մեզ տվել է կոչում և առաքելություն, որոնք մենք պետք է իրականացնենք Իր սահմանած ժամանակին:
Պետք չէ կասկածել Նրա «մեծ սիրո» վրա, քանի որ Նա «մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց» (հ․ 4-5): Այժմ Նրա նպատակն է «գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ» (հ․ 7): Մեզնից յուրաքանչյուրն արտացոլում է Աստծո շնորհը և փառավորում Նրան, երբ կատարում է Նրա գործերը: Իսկ եթե չգիտենք, թե որոնք են այդ գործերը, միևնույնն է, կարող ենք նայել մեր Ուսուցչին, ով ամեն ինչ գիտի: Նա մեզ համար պատրաստել է բազմաթիվ հնարավորություններ՝ Իր շնորհն աշխարհին ցույց տալու համար:
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր տաղանդներն Աստծո նպատակների համար, նույնիսկ եթե դրանք չեն գնահատվում:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, գործածի՛ր ինձ՝ կյանքս ծառայեցնելով Քո նպատակներին։
Թող Քո շնորհքի առատ պարգևը բացահայտվի իմ միջոցով և հասնի մարդկանց
այնպես, ինչպես Դու ես նախատեսել: Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 30-31, Փիլիմոնին