Եսայի 38․1-6 Երեքշաբթի | Նոյեմբեր 4
Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը։ Ես․ 38․2
ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ Է ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԸ
Ընկերոջս՝ Քրիստիանի հորեղբայրը մեզ հրավիրեց ընթրիքի։ Նրա կնոջ մոտ վերջերս քաղցկեղ էին ախտորոշել։ Ընթրիքի սեղանի շուրջ նստած, հորեղբայրը հարցրեց. «Ինչ-որ մեկն ինչ-որ բան կցանկանա՞ ասել»։ Քրիստիանը ժպտաց։ Նա գիտեր, որ հորեղբայրն աղոթքի մասին էր խոսում։ Նա հավատացյալ չէր, բայց գիտեր, որ մենք եկեղեցի էինք հաճախում, ուստի այս կերպ առաջարկեց աղոթել։ Ընկերս անկեղծորեն շնորհակալություն հայտնեց Աստծուն Նրա հոգատարության համար և խնդրեց հրաշք գործել հորեղբոր ընտանիքում առաջացած բարդ իրավիճակում։
Մի օր Եզեկիա թագավորը նույնպես հիվանդացավ։ Եսայի մարգարեն նրան Տիրոջից լուր բերեց, որ ապաքինում չի լինի (Ես․ 38․1)։ Ապա Եզեկիան դարձրեց իր երեսը դեպի պատը և արցունքն աչքերին աղոթեց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առջև․․․» (հ․ 3)։ Սա անկեղծ և հուսահատ աղոթք էր փրկության համար։ Չնայած բուժումը միշտ չէ, որ կախված է մեր նվիրվածությունից, և միշտ չէ, որ Աստծո կամքն է, բայց այս անգամ Նա որոշեց թագավորի կյանքը երկարացնել տասնհինգ տարով (հ․ 5)։ Ապաքինվելուց հետո Եզեկիան շնորհակալական աղոթքով գովաբանեց Աստծուն (հ․ 16)։
Աստված մեզ կոչ է անում աղոթել՝ լինի դա անհետաձգելի կարիքների համար, թե Իր մեծ ու փոքր ողորմությունների համար։ Նա լսում է մեր աղոթքները, տեսնում մեր արցունքները և արձագանքում Իր կամքի համաձայն։ Մեր խնդիրն է՝ «անցկացնել մեր կյանքի բոլոր տարիները» Նրա առջև խոնարհությամբ (հ․ 15):
Ի՞նչ մտահոգություններ կամ վախեր ունենք, որ կցանկանայինք վստահել Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք լիովին վստահել Նրան մեր կյանքի մեջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ պատրաստ ես լսել ինձ։ Ես հավատում եմ, որ Դու հզոր Աստված ես և կիրականացնես Քո բարի կամքն իմ և ինձ համար թանկ մարդկանց կյանքում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 32-33, Եբրայեցիներին 1