.
2025թ., Նոյեմբերի 6

Սոփոնիա 3․14-20                                                                             Հինգշաբթի   |   Նոյեմբեր 6

 

 

«Տերը՝ քո Աստվածը ․․․ ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով․․․»։ Սոփ․ 3․17

 

ԱՆՓՈՓՈԽ ԵՎ ՄՆԱՅՈՒՆ ՍԵՐ

 

Երբևէ զղջացե՞լ եք մի բանի համար, որ կարող էիք անել, բայց չեք արել։ Վերջերս ականատես եղա, թե ինչպես է վեճն աստիճանաբար սրվում, բայց չմիջամտեցի։ Գուցե ծուլությունս էր պատճառը, գուցե՝ վախս։ Հետո փորձեցի ինձ արդարացնել հազարավոր պատճառներով։ Սակայն ճշմարտությունը մնում է անփոփոխ․ ես կարող էի օգնել, բայց չօգնեցի։

Ես ընկճված էի, թվում էր՝ Աստված հեռու է ինձնից։ Եվ, այնուամենայնիվ, Նրա սերն իմ հանդեպ անսասան մնաց՝  անհասկանալի և առատ։ Ես խոստովանեցի իմ մեղքը՝ կրկին հայտնվելով Աստծո այդ առատ սիրո մեջ։

Ճշմարտությունն այն է, որ մենք երբեք արժանի չենք Նրա սիրուն։ Սոփոնիա մարգարեն հստակ խոսում է այս մասին։ Նրա գրքի մեծ մասը նվիրված է ապագա դատաստանին։ «Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը հենց սկզբում (Սոփ. 1․2)։ Պատճառը մարդկանց ապականությունն ու նրանց բազմաթիվ մեղքերն են (Սոփ. 3․7)։

Այնուհանդերձ, Սոփոնիայի գրքի վերջում հնչում է հույսի ձայնը․ «Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար» (հ․ 17)։ Աստծո մեծ սերն Իր ժողովրդի հանդեպ փրկում, պահպանում և հուսադրում է մեզ։

Կարևոր չէ՝ մենք սայթաքել ենք, թե արդարությամբ ենք քայլել, Աստծո սերը մեր հանդեպ՝ որպես մնայուն հույսի աղբյուր, անսահման է և անփոփոխ։ Եկե՛ք ամբողջ սրտով վստահենք Նրա գթառատ սիրուն։

 

Ինչպե՞ս կարող ենք ավելի բաց ու վստահ գալ Աստծո մոտ՝ գիտակցելով Նրա անփոփոխ սերը մեր հանդեպ։

 

Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ՝ նույնիսկ երբ սխալ եմ վարվում։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 37-39, Եբրայեցիներին 3