Մատթեոս 28․16-20 Կիրակի | Նոյեմբեր 9
Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Մատթ․ 28․19
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ դարում հեթանոս Դիոգնետոսը նկատեց մի զարմանալի երեւույթ. քրիստոնյաների թիվն օրեցօր աճում էր՝ չնայած այն բանի, որ նրանք մշտապես ենթարկվում էին հռոմեացիների հալածանքին։ Նա Հուստինոս անունով քրիստոնյայի մոտ գնաց, որ պարզի, թե ինչու է մարդկանց հավատքն այդքան ամուր։ Հուստինոսի պատասխանը, որը հասել է մեզ «Դիոգնետոսին ուղղված նամակ» վերնագրով, հետևյալն է. «Չե՞ս տեսնում, որ որքան շատ են մահապատժի ենթարկվում, այնքան շատանում է հավատացյալների թիվը։ Սա մարդկային գործ չէ, այլ Աստծո զորությունը»։
Երբ Հիսուսը վերջին անգամ խոսեց իր աշակերտների հետ՝ երկինք համբարձվելուց առաջ, նրանք չէին կարող պատկերացնել, թե ինչ աճ կունենա եկեղեցին գալիք դարերում։ Նա ասաց. «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ․ 28․19)։ Այս համարը հայտնի է նաև որպես Մեծ Հանձնարարական։ Ոմանք վախենում են նման վեհ խոսքերից։ Իրականում Տիրոջ կոչը պարզ է. որտեղ էլ որ գնաք, աշակերտներ ձեռք բերեք ու սովորեցրեք նրանց Աստծո Խոսքը։ Մենք կարիք չունենք ճանապարհորդելու մինչև երկրի ծայրերը, որպեսզի իրականացնենք Աստծո տված Մեծ Հանձնարարականը։ Բարի լուրը կարող է հաղորդվել ամենուր, որտեղ մենք հայտնվենք։
Մի՛ հուսահատվեք ժամանակավոր դժվարություններից։ Ի վերջո, Տերը նաև խոստացել է. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (հ․ 20): Որտեղ էլ որ մենք հայտնվենք, Նա մեզ հետ է։
Ինչպե՞ս կարող ենք օգտվել առօրյա հնարավորություններից, որպեսզի մեր շրջապատի մարդկանց փոխանցենք Աստծո Խոսքը։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ինձ տեսնել ու ընդունել հնարավորությունները՝ ուրիշներին պատմելու իմ փրկության և Քո սիրո մասին: Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 46-47, Եբրայեցիներին 6