.
2025թ., Նոյեմբերի 13

Ժողովող 3․9-14                                                                               Հինգշաբթի   |   Նոյեմբեր 13

 

 

Նա ․․․ հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում։ Ժող․ 3․11

 

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հաճախ, երբ ամուսնուս հետ գնում ենք ճամփորդության, սիրում եմ սելֆիներ անել և նկարահանել ամեն մանրուք՝ սոցիալական ցանցերում ընկերներիս հետ կիսվելու համար իմ տպավորություններով։ Ամուսինս, հակառակը, նախընտրում է արվեստին մոտ ստեղծագործական լուսանկարներ անել։ Բայց անկախ նրանից, թե լուսանկարչական ո՞ր ոճն է մեզ ավելի հոգեհարազատ, հետաքրքիր է իմանալ, որ սելֆիները հաճախ պայմանավորված չեն միայն ինքնասիրահարվածությամբ, ինչպես կարծում են շատերը, այլ նաեւ հավերժության ձգտումով։ Հոգեբույժները վերջերս հայտնաբերել են մահվան վախի և արված սելֆիների քանակի միջև ամուր կապ։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահից հետո կյանքի ձգտումը բնական է և Աստծո կողմից մարդկանց տրված հատկանիշ։ «Ժողովող» գրքի հեղինակը՝ փիլիսոփայական մտածողությամբ խորապես խորհել է կյանքի իմաստի մասին։ Նա, ինչպես ժամանակակից շատ մարդիկ, հավատում էր, որ «մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա» (Ժող 3․12)։ Այնուամենայնիվ, Ժողովողը զգուշացնում է, որ եթե միայն այս աշխարհի բաներին ենք հակված, ամեն ինչ անիմաստ է․ «Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու» (հ․ 20)։

Անկախ նրանից, թե որքան հաջողակ է մեր կյանքը, մենք ստեղծված չենք միայն այս աշխարհի համար։  Երբ զգանք մահվան ահասարսուռ վախը, հիշենք, որ ստեղծված ենք անմահության համար։ Աստված «հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում» (հ․ 11)։ Վախը չի որոշում մեր հետագա ընթացքը։ Աստված հավիտենական է, և Հիսուս Քրիստոսի միջոցով մենք նույնպես կարող ենք վայելել հավիտենական կյանք՝ Նրա ներկայության մեջ։

 

Ո՞ր փորձառությունները կամ սովորություններն են ուժ տալիս մահվան վախին դիմակայելու և հավերժության հանդեպ վստահություն ունենալու համար։

 

Աղոթք – Արարի՛չ Աստված, շնորհակալ ենք, որ հավիտենություն ես դրել մեր սրտերում,

որի շնորհիվ մենք կարող ենք ապրել քեզ հետ կատարյալ աշխարհում։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիայի Ողբերը 1-2, Եբրայեցիներին 10․1-18