Երեմիայի Ողբերը 3․22-33 Ուրբաթ | Նոյեմբեր 14
«Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Եր. Ողբերը 3․24
ՍՊԱՍԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Երբ երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, բոլոր տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Սակայն մի երիտասարդ, չցանկանալով մասնակից դառնալ արյունահեղությանը, որոշեց փախչել։ Նրան հաջողվեց ինքնաթիռ նստել և հեռանալ երկրից, բայց երբ վայրէջք կատարեց օդանավակայանում, կանգնեց անորոշության առջև, քանի որ չուներ համապատասխան փաստաթղթեր և կեցության արտոնություն։ Մի քանի ամիս շարունակ օդանավակայանի աշխատակիցները սնունդ էին բերում նրան և հոգ տանում նրա մասին: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ հետևում էին նրա հրապարակումներին Թվիթերում, որտեղ նա խոսում էր իր չմարող հույսի և Աստծուն վստահելու մասին։ Երբ տեղի համայնքը տեղեկացավ նրա ծանր վիճակի մասին, ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, աշխատանք գտան նրա համար և բնակարանով ապահովեցին։
«Երեմիայի Ողբերը» գիրքը Երեմիա մարգարեի վշտալից երգն է՝ լեցուն ցավով, բայց նաև Աստծո հանդեպ անսասան վստահությամբ։ Նա սպասում էր այն օրվան, երբ Հուդայի վրա Տիրոջ զայրույթը կհանդարտվի։ Թեև ամեն բան կործանված էր թվում, Երեմիան չդադարեց հավատալ՝ գիտակցելով, որ միայն Աստծո վրա կարելի է հույս դնել։ «Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում»,- գրում է նա (Ողբ 3․25)։ Աստծո ժողովուրդը երբեք չի կորցնում իր հույսը նույնիսկ այն ժամանակ, երբ ցավն անսահման է, և մխիթարությունը՝ անհասանելի։ Նույնիսկ Աստծո խրատն ու դատաստանը չեն կարող խլել նրանց շուրթերից այս մխիթարության խոսքերը. «Գուցե հույս լինի» (հ․ 29)։ Նրանց, ովքեր ճանաչում են Աստծուն, Նա պարգևում է սպասելու և հույսով ապրելու զորություն։ Եվ ինչպես Երեմիան է գրում, «լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը» (հ․ 26)։
Չունենալով հստակ պատասխաններ և փրկության բացահայտ ուղի, մենք շարունակում ենք հավատալ, որ Աստված, Ով բազմիցս ապացուցել է Իր անփոփոխ հավատարմությունը, այս անգամ ևս մեր կողքին կլինի և կօգնի։
Ինչպե՞ս ենք սովորում վստահել Աստծուն, երբ պատասխաններն ուշանում են կամ ճանապարհն անորոշ է թվում։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, օգնի՛ր համբերությամբ սպասել, մինչ Քո կամքը կիրականացվի իմ կյանքում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիայի Ողբերը 3-5, Եբրայեցիներին 10․19-39