Երգ Երգոց 1․1-6 Շաբաթ | Նոյեմբեր 15
Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ․․․: Երգ Երգոց 1․5
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Աստծո հետ ամենօրյա հաղորդակցության ընթացքում Ջուլիան անդադար երգում ու փառաբանում էր Աստծուն աստվածաշնչյան տողերով։ «Երբ երգում եմ, իմ սիրտն ու միտքը մի յուրահատուկ կերպով միաձուլվում են այն ամենի հետ, ինչ երգում եմ։ Այդ պահին ես սկսում եմ հավատալ դրան ու այդ հավատով ապրել», - կիսվում է նա։ Աստվածաշնչյան խոսքը հնչեցնելով՝ Ջուլիան ձգտում էր, որ այն լուսավորի իր միտքը՝ ընդունելու իրեն այնպիսին, ինչպիսին ստեղծված էր: Նա չէր սիրում իր ձայնը, հասակը և սեփական աչքերով իրեն ընկալում էր թերություններով լի։
Մի օր նա սկսեց երգել Երգ Երգոցից հետևյալ տողերը. «․․․սև եմ ես, բայց գեղեցիկ» (Երգ Երգոց 1․5): Հին Իսրայելի մշակույթում արևայրուք ստացած կինը գեղեցիկ չէր համարվում: Երբ Ջուլիան երգում էր այս տողը, նա հանկարծ հասկացավ. «Չնայած ես կատարյալ չեմ, բայց Աստված սիրում է ինձ»:
Ոմանք կարծում են, որ Երգ երգոցն Աստծո սիրո այլաբանական նկարագրությունն է Իր ժողովրդի հանդեպ։ Սակայն շատերն այն համարում են պարզապես ամուսնական սերը գովաբանող գեղեցիկ բանաստեղծություն։ Անկախ նրանից, թե ինչպես ենք մեկնաբանում այն, աներկբա է, որ Աստված սիրում է Իր ընտրյալ ժողովրդին և բարձր է գնահատում նրանց։ Ինչպես գրված է Հին Կտակարանում. «որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ» (Ես․ 43․4)։
Ինչպե՞ս կարող ենք ստեղծել մեր անձնական եղանակը՝ ավելի խորապես ճանաչելու Աստծո սերը և ամրացնելու հավատը։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, Դու ստեղծեցիր ինձ Քո պատկերով և նմանությամբ ու սիրեցիր ինձ հավիտենական սիրով։ Օգնի՛ր ինձ ընդունել այս ճշմարտությունն իմ ամբողջ մտքով ու սրտով, որպեսզի կարողանամ տարածել այն ամբողջ աշխարհում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 1-2, Եբրայեցիներին 11․1–19