.
2025թ., Նոյեմբերի 16

Ղուկաս 14․25-35                                                                                   Կիրակի   |   Նոյեմբեր 16

 

 

Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։ Ղուկ․ 14․28

 

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԱՄՆի ճանապարհներից մեկը տեղացիներն անվանում են «Ոչ մի տեղ չտանող ճանապարհ»։ Այն տասը կիլոմետրանոց գեղատեսիլ մայրուղի է, որն անցնում է Ամերիկայի Մեծ Սմոքի լեռների ազգային պարկով։ Գրանիտե լեռան լանջին փորված չորս հարյուր մետրանոց թունելով անցնելուց հետո ճանապարհը կտրուկ փակվում է։ Թեև կառավարությունը հսկայական ներդրումներ էր կատարել այս նախագծի իրագործման համար, սակայն ստիպված եղավ դադարեցնել շինարարությունը՝ բնապահպանական լուրջ խնդիրների պատճառով։

Հիսուս Քրիստոսը, ով մասնագիտությամբ հյուսն էր, մի անգամ պատմեց մի առակ շինարարական աշխատանքների ժամանակ հաշվարկներ անելու մասին: Նա հարցրեց. «Ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞» (Ղուկ․ 14․28): Այնուհետև Հիսուսը պատմում է մեկ այլ առակ՝ մի թագավորի մասին,  որը հաշվում է պատերազմի ծախսերը, նախքան մեկ այլ թագավորի դեմ ելնելը։ Դիմելով Իրեն հետևող «մեծ բազմությանը» (հ․ 25), Տերը ցանկանում էր, որ նրանք հասկանան՝ Իր հանդեպ հավատքը թանկ արժեք ունի և պահանջում է պատրաստակամություն ամեն բան զոհելու Նրա համար։,

Քրիստոսին հետևելը միայն այն բանի համար, թե ինչ կարող է Նա մեզ տալ, նման է «ոչ մի տեղ չտանող ճանապարհի»։ Բայց Քրիստոսին հետևելը հենց Իր համար, իրենից ենթադրում է մեղքից և եսասիրությունից ամենօրյա հրաժարում, որպեսզի ապրենք Նրա և Նրա Թագավորության համար՝ սա է իսկական քրիստոնեական կյանքը։ Մենք պետք է գիտակցենք սա և հաշվարկենք Նրան հետևելու գինը։

 

Ի՞նչ արժեք ունի մեզ համար Քրիստոսի հանդեպ հավատքը և Նրան հետևելը:

Ինչո՞ւ չկա ավելի թանկ բան, քան Տիրոջը և Նրա ճանապարհները ճանաչելը:

 

Աղոթք – Իմ Տե՛ր և իմ Փրկի՛չ, օգնի՛ր ինձ ապրել Քեզ համար և գիտակցել, որ ոչինչ չի կարող համեմատվել Քեզ ճանաչելու ուրախության հետ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 3-4, Եբրայեցիներին 11․1–19